«Փաշինյանի հայտարարությունները չենք մեկնաբանում»․ Արցախի նախագահական

«Փաշինյանի հայտարարությունները չենք մեկնաբանում»․ Արցախի նախագահական

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախը նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ճանաչել Ադրբեջանի մաս, և դա գաղտնիք չէ։ Նա նշեց, որ փորձել է պայքարել դրա դեմ, սակայն, ցավոք չի հաջողել ու չի հաջողելու։

Փաստացի, ՀՀ ղեկավարը վերջնակմանապես հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, և դա իր մեղքով չէ, այլ՝ նախկինների։ Նա նաև հստակեցրեց, որ ինքը պատասխանատու է մի բանի համար՝ խաղաղության դարաշրջանի գաղափարն իրագործելու։

MediaHub.am-ը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Արցախի նախագահի գրասենյակից։ Պատասխանը լակոնիկ էր.

«ՀՀ և ԱՀ շուրջ ստեղծված իրավիճակի և հայության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ ԱՀ իշխանություների տեսակետը ևս մեկ անգամ արտահայտվել է օրեր առաջ Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությամբ: 2022 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Աժ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չենք մեկնաբանում»,- ասված է նախագահականից ստացված պատասխանում։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ ընդունած հայտարարության տեքստում նշվում էր, որ Արցախի համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով։

«Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով։

Շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ։ Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ»,- ասված էր Արցախի ԱԽ տարածած հայտարարությունում։

Նարե Գնունի