Հոգևոր դաշտից սկսվել է անկումը, հոգևոր դաշտից էլ պետք է սկսել վերականգնումը․ Տ Ներսես քահանա Ասրյան

Հոգևոր դաշտից սկսվել է անկումը, հոգևոր դաշտից էլ պետք է սկսել վերականգնումը․ Տ Ներսես քահանա Ասրյան

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչև այլ հարթություններում պարտվելը՝ տասնամյակներով մենք պարտվել և շարունակում ենք պարտվել մեր մեղքերին՝ ագահությանը, նյութապաշտությանը, եսասիրությանը, մեծամտությանը, նախանձին, ատելությանը, ստին և այլ բազում արատների:

Փրկության ճանապարհի սկիզբն ապաշխարությունն է՝ մեղքի (սխալի, արատի, չարիքի, վնասի և այլն) գիտակցումը, զղջումը, խոստովանությունը, հատուցումը և թողության հայցումը միմյանցից և Աստծուց: Ինքնամաքրման և ինքնավերականգնման այս ճանապարհն ացնելուց հետո միայն հնարավոր կլինի կողք կողքի գալ և միասնաբար լուծումներ գտնել անգամ անելանելի թվացող կացություններից:

Հոգևոր դաշտից սկսվել է անկումը, հոգևոր դաշտից էլ պետք է սկսել վերականգնումը: Քանի դեռ այս ճանապարհն անկեղծորեն չենք անցել, մղձավանջը շարունակվելու է՝ ավելի ու ավելի մեզ մոտեցնելով անդառնալիության կետին: Ես դեռ հույս ունեմ, որ ողջախոհությունն ինչ-որ պահի ի վերջո կարթնանա՝ հետ քաշելով մեզ ինքնաոչնչացման կոճակից»։