2024. անորոշության և տագնապի տարի

2024. անորոշության և տագնապի տարի

Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց փորձենք երկու հարցերի պատասխաններ տալ՝ արդյո՞ք այս տարի խաղաղության պայմանագիր կնքվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ:

Օրինակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տարեվերջին ասել է, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել՝ նշելով, որ այդ վստահությունը նաև «պայմանավորված է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով»:

Նախ, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սիմոնյանը մանիպուլացնում է փաստերը: Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ պարամետրերով, և երկրորդը՝ գործնականում Բաքուն չի էլ ճանաչում Հայաստանի այսօրվա սահմանները ու չի պատրաստվում զորքերը հետ քաշել Հայաստանի օկուպացված տարածքներից: Բաքվի նպատակը մեկն է՝ թղթի վրա ամրագրել այն, ինչ այս պահին փաստացի իր վերահսկողության տակ է ու հետո՝ առևտուր սկսել Հայաստանի մյուս տարածքների մասով: Դա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն փորձում է խաղաղության պայմանագրից հանել բոլոր վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են սահմանանշմանը, տրանսպորտային հաղորդակցություններին:

Այլ խոսքով, Բաքուն Հայաստանին առաջարկում է անվերապահ կապիտուլյացիա ու եթե սա Հայաստանի իշխանությունն ընկալում է՝ որպես խաղաղություն, ապա գործ ունենք կոլաբորանտ ռեժիմի հետ:
Արդյո՞ք Փաշինյսնը կգնա արտահերթ ընտրությունների:

Նրան, իհարկե, նման սցենարը ձեռնտու է, որպեսզի նախ «մարսի» Արցախի կործանումը, ապա ստեղծի աշխարհաքաղաքական այնպիսի կոնֆիգուրացիա, որը հնարավոր կդարձնի երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը:

Բայց արտահերթ ընտրությունների որոշում Փաշինյանը դեռ չունի: Դրա համար նրան պետք են արտաքին երաշխիքներ, որ Ալիևը փաստաթուղթ, այնուամենայնիվ, կստորագրի կամ գոնե երաշխիքների կտրվեն իր՝ Փաշինյանի անցնում հեռացման համար:

Նման երաշխիքներ Փաշինյանը դեռ չունի ու դրանք փորձում է ստանալ Ալիևից՝ երես թեքելով Ռուսաստանից ու հիասթափվելով Արևմուտքից:

Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը իշխանազուրկ դառնա փողոցային պայքարի հետևանքով: 

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տարեվերջին ասել է, որ առայսօր Հանրապետականը իշխանափոխության ուղղված որևէ գործընթաց չի նախաձեռնել, միայն աջակցել են ընդդիմադիր գործընկերներին: «Հերթը ոնց որ թե մերն է»,- ասել է ՀՀԿ անդամը:

Մեզ սպասվում է տագնապներով և անորոշությամբ լեցուն հերթական տարին:

Վահրամ Բագրատյան