Իշխանությունը շարունակում է «պատերազմը» Եկեղեցու դեմ

Իշխանությունը շարունակում է «պատերազմը» Եկեղեցու դեմ

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, սովորության համաձայն, չեն մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվող Հայրապետական Սուրբ Պատարագին և Ջրօրհնեքի կարգին: 

Իշխանության «պատերազմը» Եկեղեցու դեմ գագաթնակետին հասավ դեռ Ամանորից ժամեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել:

Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել, հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ըստ հաղորդագրության՝ փոխարենը Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»։

Հանրային հեռարձակող խորհուրդն, ըստ էության, չի հերքել Սուրբ Էջմիածնի պնդումները, ավելի բազմանշանակ պնդել է, թե՝ «ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։ Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա»։

Հանրային հեռարձակող խորհուրդը նրբանկատորեն հասկացնել է տալիս, որ խնդիրն առաջացել է ոչ թե իր, այլ երկրի քաղաքական իշխանության որոշման հետևանքով:
Եթե այս ամենը լիներ «նոր Հայաստանի» տեսլականի մաս ու միտված լիներ Եկեղեցու դերի վերաարժևորմանը, գուցե դիսկուրսի առարկա դառնար:
Բայց չկա «նոր Հայաստանի» տեսլական, գոյություն ունի օտարի, թշնամու պարտադրանք, որը «հավատարմորեն» իրականացնում է Փաշինյանը:
Նա ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները, ինստիտուցիոնալ հիշողությունը ու այդ քաղաքականության համատեքստում տեղ չկա Վեհափառի ամանորյա ուղերձի համար:

Այնուամենայնիվ, նկատենք, որ Փաշինյանի հերթական «կրեատիվ» լուծումը հակառակ արդյունքի բերեց՝ այս տարի Վեհափառի ուղերձն անգամներով ավելի մարդիկ դիտեցին:
«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում», - Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպված պատարագին ասել է  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Եկեղեցու դեմ Փաշինյանի թիմի արշավի, թերևս, կարևոր գործոններից մեկն էլ Արցախի հարցն է, որի վերաբերյալ իշխանության թեզերը լրիվ նույնական են Բաքվի դիրքորոշմանը:

Վահրամ Բագրատյան