Փաշինյանը հրահանգել է խլել արցախցիների մեքենաները, Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը հրահանգել է խլել արցախցիների մեքենաները, Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, եւ այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները:

Բանն այն է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով` արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան:

ՃՈ-ն տեխզննման կտրոններ է տրամադրել, տրանզիտ պետհամարանիշներ եւ այլն։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման» որս, եւ հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բռնագրավել, որոնք այժմ կայանված են Ռազմական ոստիկանության կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան` համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է օդից կախված` այլ գերատեսչությունների մեքենաներին, ապա վաղ թե ուշ դրանք Փաշինյանը կվերցնի, միայն թե, ոմանց կարծիքով, շոուներ բեմադրելով: Մնում է պարզել, թե այս թեմայի հետ կապված որ մասն է իրականացվում Ալիեւի հրահանգով, որ մասը` Ալիեւին անակնկալ նվեր մատուցելու շրջանակներում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ադրբեջանական վերջին սադրանքի հետեւանքով Ներքին Հանդի բնակիչների կյանքի եւ անվտանգության, կրթության իրավունքները կոպտորեն խախտվել են. նման արձանագրում է արել Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանը հերթական սադրանքն էր հրահրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիպուկահարներ են աշխատել: ՄԻՊ գրասենյակը դեպքի օրը հենց հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել դեպքի առնչությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել, եւ, ի վերջո, իրենց կատարած ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների արդյունքում ինչ է պարզվել:

«Նախ նշեմ, որ հարցի առնչությամբ մեր ուսումնասիրությունը վերաբերում է բացառապես մարդու իրավունքների առնչությամբ հարցերին: Այս առումով մեր հիմնական խնդիրն է ուսումնասիրության միջոցով բացահայտել, թե արդյոք խախտվել են մարդկանց իրավունքները, ինչ ծավալով են դրանք խախտվել, ինչի հետեւանքով, եւ ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այդ խախտումները: ՄԻՊ գրասենյակը հարցի առնչությամբ հաղորդագրություն տարածել էր երկրորդ կեսին, քանի որ փորձում էինք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, նրանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր ենք ուղղել, քանի որ քաղաքացիները, միգուցե, չպատկերացնեն, որ իրենց իրավունքը խախտվել է, բայց իրավիճակը նկարագրելով՝ մենք հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու: Այս դեպքում էլ, ինչպես մյուս սահմանային միջադեպերի, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում մարդկանց իրավունքները խախտվել են. մարդիկ սթրեսային իրավիճակում են հայտնվել, այս ամենի արդյունքում խախտվել են ինչպես մարդկանց անվտանգության, կյանքի եւ կրթության իրավունքը, այլեւ մնացյալ իրավունքներ», – ասաց նա:

Սահմանային սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ տարածքային նոր նկրտումներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե հայկական մի շարք գյուղեր Ադրբեջանին են պատկանում: Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները խուճապ են առաջացնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ թողնելով իրենց տունը: Արդյոք սրանք եւս մարդու իրավունքների խախտումներ չե՞ն, ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ն այս առնչությամբ. «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները միավորող միջազգային կառույցների անդամ, ուզում եմ հատուկ արձանագրել, որ պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել այն սկզբունքները, որոնք առկա են մարդու իրավունքների տեսանկյունից, իսկ այդ տեսանկյունից ատելության խոսքը, ագրեսիա հրահրող խոսքն ընդունելի չէ»»։