Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը

Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տապալել է Ծաղկաձորում գտնվող ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ն համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Այդ հանգամանքը պարզել ենք դատական տեղեկատվական համակարգում առկա դատական գործերի ուսումնասիրության արդյունքում։ Գրել է «Հետքը»։

Դեռևս 2018 թ․-ին «Հետքը» բացահայտել էր պաշտոնյաների կողմից 2007-2009 թվականներին Ծաղկաձորում  50 հեկտար անտառի ապօրինի սեփականաշնորհման պատմությունը։ Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, հաստատվեց կեղծ աճուրդներով հողերի սեփականաշնորհման հանգամանքը, սակայն քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցերով դիմեց դատարան, որպեսզի պետությանը վերադարձվեն Կոտայքի մարզպետարանի աճուրդներով սեփակաշնորհված անտառային տարածքները։ Քանի որ անտառների մի մասը սեփականաշնորհվել էր Հրազդանի համայնքապետարանի կազմակերպած աճուրդներով, դրանք էլ դատարանում պետք է վիճարկեր և անտառային տարածքները համայնքին վերադարձներ Հրազդանի համայնքապետարանը։

Եթե Դատախազությունը հետևողական է եղել և արդեն երկու դեպքով՝ դատարանի վճռով պետությանն են վերադարձվել 2.4 հեկտար և 0.55 հեկտար անտառային տարածքներ, ապա նույնը չենք կարող ասել Հրազդանի համայնքապետարանի դեպքում։ Ընդհակառակը՝ Հրազդանի համայնքապետարանը տապալել է իրավական գործընթացը և մեկը մյուսի հետևից պարտվել դատարանում՝ գրեթե անհնար դարձնելով սեփականաշնորհված անտառները համայնքին վերադարձնելու հնարավորությունը։

Այսպես, 2020 թ․-ի օգոստոսին Հրազանի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 աճուրդի արդյունք անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանք։ Այդ աճուրդներով անտառային հողեր էին սեփականաշնորհել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը և խորհրդականի որդին, խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը (2 հողակտոր), պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը։

Կոտայքի մարզի դատարանը որոշել է առանձնացնել գործերը և առանձին վարույթներով քննել։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմից հաստատված կեղծ աճուրդով անտառային հողերից 1 հա-ն վաճառվել է իր կնոջը՝ Զարիկ Գևորգյանին։ Նրա կողմից անտառը սեփականաշնորհելու հանգամանքը վիճարկելու գործով դատարանը որոշել է հայցը մերժել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հրազդանի համայնքապետարանը չի բողոքարկել վճիռը, որը մտել է օրինական ուժի մեջ, սակայն ամսիներ անց նույն պահանջով կրկին հայց է ներկայացրել դատարան։ Նույն հիմքով մերժվել է նաև Արամ Դանիելյանի խորհրդականի որդու կողմից 1.31 հա հողատարածքը համայնքին վերադարձնելու հայցը, որը կրկին չի բողոքարկվել։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի ձեռք բերած 1.64 հա հողատարածքի գործով դատարանը որոշել է հայցը թողնել առանց քննության, քանի որ Հրազդանի համայնքապետարանը, երկու անգամ տեղյակ լինելով դատական նիստի մասին, չի մասնակցել դրանց։ Հետագայում որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։

Նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կնոջն օտարված 1.36 հեկտար հողատարածքի մասով հայցը մերժվել է կրկին վաղեմության հիմքով։ Վճիռը չի բողոքարկվել։

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբոր ընկերության ձեռք բերած 0.7 և 1․15 հա հողատարածքների մասով հայցը թողնվել է առանց քննության (որոշում 1, որոշում 2), քանի որ Հրազդանի համայնքապետարանի ներկայացուցիչը, տեղյակ լինելով նիստերի մասին, երկու անգամ չի ներկայացել դատարան։ Որոշումը հետագայում չի բողոքարկվել։

Գործարար Սամվել Մայրապետյանի ձեռք բերած 1.66 հա հողատարածքի գործն էլ է առանց քննության թողնվել՝ երկու նիստին հայցվորի չներկայանալու պատճառով։

Նույն պատճառաբանությամբ առանց քննության է թողնվել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վարդանյանի եղբոր  ձեռք բերած 1.35 հա հողատարածքի որոշումները չեղարկելու հայցը։ Նշենք, որ Վարդանյանի ձեռք բերած հողն այսօր սեփականության իրավունքով պատկանում է Ծաղկաձոր համայնքին։

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանի կողմից ձեռք բերված հողերի գործերով (1, 2) դատարանը որոշումներ դեռ չի կայացրել, դատաքննությունն ընթացքի մեջ է։ 

Ընդհանուր առմամբ Հրազդանի համայնքապետարանը տապալել է 8.82 հա անտառապատ տարածքների վերադարձի գործընթացը, որի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել էինք Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին։

Համայնքի ղեկավարը նշել է, որ առանց քննության գործերից մեկով, որով հողակտորի սեփականատեր էր դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, կրկին հայց են ներկայացրել դատարան։ «Դատարանի կողմից հայցային վաղեմության հիմքով մերժված գործերով համայնքապետարանը վերադաս դատարան վճիռները չի բողոքարկել, քանի որ, ըստ էության, վճիռները պայմանավորված են եղել իրավունքի պաշտպանության համար սահմանված հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով։ Իսկ մնացած գործերը դատարանում քննվում են և գտնվում են ընթացիկ փուլում»,- իր պատասխանում նշել է համայնքի ղեկավարը։

Հաշվի առնելով, որ դատական գործերի տապալման արդյունքում բարենպաստ դիրքում են հայտնվում հողերը սեփականաշնորհած նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, և անտառները այլևս չեն վերադարձվի համայնքին՝ Սևակ Միքայելյանից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք նրանց հետ անձամբ կամ միջնորդավորված հանդիպում կամ քննարկում է ունեցել։ Սևակ Միքայելյանը բացասական պատասխան է տվել հարցին՝ նշելով․ «Համայնքապետարանը գործում է հրապարակայնության բոլոր սկզբունքներին համապատասխան, ի շահ համայնքի և երբևէ կուլիսային հանդիպումներ չի ունենում»։