ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի նախագահի ու մյուս պաշտոնյաների հայտարարությունները՝ կապված «Թրամփի ուղու» հետ, որն Ադրբեջանից որպես «միջանցք» կամ «Զանգեզուրի միջանցք» են ներկայացնում։
«Ադրբեջանի հանրային, քաղաքական գործիչների հայտարարությունները ես չեմ ուզում մեկնաբանել, դա կարող են մեկնաբանել դահլիճում գտնվող մեր այլ քաղաքական գործիչներ։ Եվ էն բոլոր դեպքերը, երբ խոսք է լինում ոչ թե TRIPP-ի մասին, ոչ թե Թրամփի ուղու մասին, այլ խոսվում է միջանցքի մասին, ես դիմում եմ նաև մեր ընդդիմադիր գործիչներին, դա երկու պրոբլեմատիկ իմաստ է իր մեջ պարունակում։ Յուրաքանչյուր մարդ՝ Հայաստանում կամ աշխարհում, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք, դա առաջինը անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ։ Երկրորդ, այդ մարդն իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, ինքը խոսում է պատերազմական իրավիճակում միջանկյալ ինչ-որ լուծման մասին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ալիևն է այդպես ասում, այսինքն՝ միջանցք, Սիմոնյանն արձագանքեց․ «Դե, վատ է, որ ասում է, ես կարծում եմ՝ ինչ-որ ժամանակի ընթացքում էդ խոսույթը, այնուամենայնիվ, կփոխվի»։
Անդրադառնալով, թե Դոնալդ Թրամփն ինքն է հաճախ շփոթում անուններն ու փաստերը, այդ թվում՝ Հայաստանի մասով, ԱԺ նախագահն ասաց․ «Թրամփը գերտերության ղեկավար է, որի սեղանին գտնվում են բազմաթիվ թղթեր և բազմաթիվ անուններ, և մենք էլ պիտի հետևություն անենք, հասկանանք՝ մենք ով ենք, որտեղ ենք։ Էդ որ մենք տենց ասում ենք, թե աշխարհը՝ մի կողմ, մենք՝ մի կողմ, միայն հայերն են աշխարհի ամենալավ ազգը և այլն, մարդիկ կան՝ նույնիսկ մեր երկրի անունը չեն հիշում, նույնիսկ Ադրբեջանի անունը չեն հիշում։ Եկեք մի քիչ մեր ամբիցիաները զուսպ պահենք»։
Վահե Մակարյան