«Ով սիրում է իր հայրենիքը, նա պետք է միանա շարժմանը»․ հարցում

«Ով սիրում է իր հայրենիքը, նա պետք է միանա շարժմանը»․ հարցում

Մայիսի 9-ին Երևանում պլանավորված է համաժողովրդական մեծ հանրահավաք. վաղը Երևան է հասնելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը, որին միանալու է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երթը Գյումրիից։ 

Հաշվի առնելով արձագանքը՝ դա լինելու է սպասված ու բազմամարդ համաժողով-հանրահավաք:

Ակնհայտ է, որ իշխանություններին անհանգստացնում է օր-օրի թափ հավաքող քայլերթը, ինչի վկայությունն են ՔՊ-ականների ու նրանց աջակցող անհատների, պաշտոնյաների գրառումները:

Նաև սպառնալիքները, որ համաժողովրդական շարժմանը միանալն անհետևանք չի մնա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեկվա չորս ժամից ավելի տևած ասուլիսն էլ վկայում է այն մասին, որ իշխանություններն իսկապես անհանգստացած են. շուրջ հինգ ժամ խոսել ու չասել ոչինչ, հոխորտալ Եկեղեցու ու նախկինների հասցեին, նույնիսկ ծիծաղելի է:

MediaHub-ը շարունակում է հարցումների միջոցով շոշափել հանրության տրամադրությունները: Այս անգամ հարցրել էինք՝ արդյո՞ք հասարակությունը դուրս կգա և կմիանա Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը վաղը Հանրապետության Հրապարակում: 

Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել են 11․000 հոգի, և հետաքրքիր պատկեր ունենք. շարժմանը միացողների թիվը գրեթե նույնն է, ինչ չմիացողների:

Այսպիսով, «Այո» տարբերակն ընտրել է հարցվածների 47%-ը, «Ոչ» պատասխանը՝ 46%-ը։ «Իմաստ չեմ տեսնում, ոչինչ չի փոխվի, հաջողության չեն հասնի» ընտրել են հարցվածների 3%-ը, «Իհարկե՛, ՀՀ-ն կանգնած է պետականության կործանման շեմին» պատասխանն ընտրել է 3%-ը, «Չեմ որոշել դեռ» պատասխանը՝ 2%-ը։

Ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները՝

«Ով Սրբազանին անհիմն չարախոսի, թող հիշի Աստծո դատաստանի ու նզովքի մասին, որ պահված է իր համար»։

«Շատ լավ է, 5000 մարդ կա այս հարցումով»։

«Միանշանակ չեմ միանալու, խեղկատակություն է լրիվ»։

«Հասնելը կհասնի, բայց... հուսամ ժողովրդի մեծամասնությունը ադեկվատ կգտնվի ու այլևս թույլ չի տա իրեն օգռագործեն։ Եկեղեցու տեղը քաղաքականությունը չէ»։

«Աստված սեր է և խաղաղություն, նրան մի խառնեք քաղաքականության մեջ, Աստված մեզ պահապան»։

«Ով սիրում է իր հայրենիքը, նա պետք է միանա Բագրատ Սրբազանին»:

«Ինչքան թալանչի ու ժողովուրդին ատելի դեմքեր տեսա Բագրատի շուրջը, ու այդպիսինների հետ մի շարքում լինելը անբարոյականություն է»։

Հիշեցնենք, վաղը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում կմեկնարկի ժամը 16.00-ից:

Մարիաննա Արամյան