Ովքե՞ր են վաղն այցելելու «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ովքե՞ր են վաղն այցելելու «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վաղը սեպտեմբերի 27-ն է. երկու տարի առաջ հենց այդ օրը սկսվեց աղետալի կորուստներ բերած 44-օրյա պատերազմը։ 

Ի հիշատակ հայրենի հողը կյանքի գնով պահած հայորդիների՝ օրվա ընթացքում պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Սակայն, այս տարի վիճակը փոքր-ինչ այլ է․ զոհված զինծառայողներից շատերի հարազատները որոշել են այսօր գիշերվանից հավաքվել Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։ 

Ծնողները բոյկոտում են, իսկ ի՞նչ են անելու պաշտոնյաները։ Այսպես, կայցելի՞ Նիկոլ Փաշինյանը պանթեոն, թե ոչ դեռ հայտնի չէ։ Պատճառն այն է, որ այս պահին նա Ֆրանսիայում է, կարևոր հանդիպում ունի հյուրընկալող երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

«Վարչապետի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի հետ կապված այս պահին որևէ տեղեկություն չունեմ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ 

Փաշինյանի տիկնոջ այցի հետ կապված որևէ մեկը հստակ տեղեկություն չունի։ 

«Տիկին Հակոբյանն իր որոշման մասին չի հայտնել, թե արդյո՞ք գնալու է պանթեոն»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ հարցերը հիմադրամում չեն քննարկվում, Աննա Հակոբյանն էլ այդտեղ չէ, նաև չունի մամուլի խոսնակ, որ հարցերին հստակ արձագանքի։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի հետ կապված ևս դեռևս հստակ տեղեկատվություն չկա։ «Այս ժամի դրությամբ դեռևս չգիտեմ՝ պարոն Սիմոնյանը գնալո՞ւ է պանթեոն, թե՞՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ 

Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս անգա՞մ էլ կառավարության անդամների հետ կգնա պանթեոն՝ հաշվի առնելով հանգամանքը, որ սեպտեմբերի 21-ին իր այդ քայլը քննադատվեց։ 

«Ո՛չ, պաշտպանն այս անգամ պանթեոն չի գնա․ աշխատանքային այցով Ստրասբուրգում է»,- մեզ հետ զրույցում ասացին ՄԻՊ գրասենյակից։ 

Նշենք, որ մեր տեղեկություններով, նախարարներն այս պահին սպասում են Փաշինյանի որոշմանը՝ գնա՞լ պանթեոն, և եթե այո, ապա՝ ո՞ր ժամին։ Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է վաղը երեկոյան Եռաբլուր այցելելու տարբերակը, այդ թվում և ավելորդ ուշադրությունից, հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար:

 Նարե Գնունի