Մեկը չկա՞ սրա խոսքը սահմանափակի․ զոhվածի մայրը՝ Փաշինյանին

Մենք, այսօր, այդ պարտության միջով անցնելով, ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Սա ինչու եմ ասում, քանի որ ես չէի ուզի, որ այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, թե մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն, ըստ Փաշինյանի, եթե չլիներ պարտություն, մենք անկախ, ինքնիշխան պետություն չէինք ունենա, թեև նախքան պատերազմը կասկած անգամ չկար, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ ու ինքնիշխան պետություն է։ Հատկանշական է, որ հիմա, երբ մենք նույն Փաշինյանի կարծիքով՝ ինքնիշխան պետություն ենք, թշնամին շարունակում է մնալ Ջերմուկում, Սև լճի ու Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում, իսկ ՀՀ իշխանությունը հրաժարվում է որևէ կերպ արձագանքել թշնամու հոխորտանքներին, քանի որ հետո այդ հայտարարությունների «տակից դուրս չի գա»։
Ըստ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մոր՝ Ալիսա Գևորգյանի՝ այս հայտարարությունը Փաշինյանի մյուս հայտարարությունների պես մի բանի մասին է՝ այդ մարդն արյուն է ուզում, արյան ծարավ է։
«Էս մարդը մեր արյան հաշվին է ապրում, ինքն էս երկրի արյունը խմելուց հաճույք է ստանում, իր համար կենսական նշանակություն ունի մեր արյունը խմելը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հանրային ռադիոյի» լրագրող Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքը զրո արժեք ունի իր և զոհված շատ տղաների ծնողների համար։
«Ամենաստոր արժեքներից, ամենաստոր մտքերից ծնված են Փաշինյանի հայտարարությունները։ Ինքն իր այս հայտարարություններով, չորս տարի է, չի թողնում, որ մենք գոնե մեր ցավը բթացնենք ու էդ բթացած ցավով գոյատևենք։ Ինքը մեր կյանքը դժոխքի է վերածել ու նման հայտարարություններով նորից սպանում է մեր երեխաներին, նորից մեզ է սպանում»,- նշեց նա։
Ալիսա Գևորգյանը անկեղծացավ՝ մեր զանգից առաջ հենց դա էր մտածում՝ արդյո՞ք մեր երկրում չկա գեթ մի տղամարդ, որ կարողանա Փաշինյանի ձեռքը բռնել։
«Էդ ուժային համակարգերում, փաստորեն, մի նորմալ մարդ չգտնվեց, որ սրա խոսքը սահմանափակի։ Էն անմեղ մարդուն, ադրբեջանցիների տեսանյութը հրապարակելու համար, տարան, խոսքը սահմանափակեցին։ Աղմուկ չլիներ, էդ մարդուն կալանքի էլ կտանեին։ Բա մեկը չկա՞, որ չորս տարի մեր կյանքը դժոխքի վերածելու, մեր արյունը խմելու, երկրի արյունը խմելու համար սրա խոսքը սահմանափակի, որ գոնե մի օր արթնանանք ու սրա հերթական պղծությունն ու այլանդակությունը չլսենք»,- ամփոփեց խոսքը Ալիսա Գևորգյանը։
Զոհված Վարդան Ամալյանի հայրն էլ՝ Դավիթ Ամալյանը, ցանկություն չունի անգամ Փաշինյանին անդրադառնալու, զուտ նշեց, որ նա ունակ չէ որևէ ճիշտ, հայամետ հայտարարություն անելու։
Այնուամենայնիվ, այս պահին Փաշինյանի առաջ քաշած օրակարգն էլ հենց սա է՝ պարտության շնորհիվ ենք մենք ինքնիշխան պետություն դառնում...
Նարե Գնունի