Ինչո՞ւ է Արցախի դրոշը հեռացվել Էջմիածնի գլխավոր հրապարակից

Ինչո՞ւ է Արցախի դրոշը հեռացվել Էջմիածնի գլխավոր հրապարակից

Քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրառում էր արել՝ նշելով, որ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը։

MediaHub-ը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետի մամուլի քարտուղարի հետ՝ հասկանալու, թե որն է պատճառը։

«Հատվածը, որտեղ տեղադրված էր Արցախի դրոշը, պատմամշակութային հուշարձան է հանդիսանում։ Մենք այնտեղից հեռացրել ենք դրոշը, և տեղակայել փոքր-ինչ այն կողմ տեղակայված ՀՀ դրոշի կողքին։ Դրոշների հրապարակում, որտեղ տեղակայված է Արցախի դրոշը, տեղակայված է նաև ՀՀ դրոշը, նախկինում նաև Էջմիածնի դրոշն էր այնտեղ, բայց հիմա հանել ենք, և երկու դրոշ է շարունակում մնալ այդ տարածքում»,- նշեց Սիրանուշ Գևորգյանը։

Հարցին, թե ե՞րբ ու ո՞վ էր Արցախի դրոշը տեղակայել Կոմիտասի հրապարակում, Գևորգյանը պատասխանեց՝ մոտ մեկ տարի առաջ է տեղակայվել, բայց ոչ քաղաքապետարանի կողմից։

Իսկ թե ինչու հենց հիմա հասկացան, որ դրոշը պատմամշակութային հուշարձանի տարածքից պետք է հեռացվի, Գևորգյանը պատասխանեց՝ «հիմա այդպես ենք ճիշտ գտել»։

Այնուամենայնիվ, մեզ վստահեցրին, որ Արցախի դրոշը շարունակելու է մնալ Էջմիածնի դրոշների համար նախատեսված հրապարակում։

Նարե Գնունի