«Նորշենի կարոտը ոչինչ չի փարատելու». Արարատին Արցախից մնացին միայն հուշեր

«Ամենադաժան բանը, որ կա աշխարհում, տուն-հայրենիք կորցնելն է»,- ասում է Արցախի Մարտունու շրջանի Նորշենից՝ Գորիսի Հարթաշեն տեղափոխված Արարատ Գրիգորյանը։
Եկել է կնոջ ու մինուճար որդու հետ։ «Ցեղասպանություն էր Արցախում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է նա, նույնիսկ զարմանում, որ մարդիկ կան դեռ հարցնում են, թե ինչո՞ւ չմնացին Արցախում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները դիրքավորվել էին Նորշենի բարձունքներում։ Այդքանով հանդերձ, հրադադարի հաճախակի խախտումների ու կրակոցների տակ մնացել են՝ և՛ սահմանն են պահել, և՛ հողագործությամբ զբաղվել։
Ընտանիքը, ինչպեսև բոլոր արցախցիները, հաղթահարում էին իննամսյա շրջափակումը։ Հավատում էին, որ ամեն բան մի օր կավարտվի, թեպետ հոգու խորքում զգում՝ թունելի վերջում լույսը չի երևում։
Հարթաշենում տեղավորվել են ընկերոջ շնորհիվ։ Ինչպես Նորշենի իր տնից, այստեղ էլ տան պատշգամբից երևում են ընդամենը 4 կմ հեռավորության վրա տեղակայված թշնամական դիրքերը։
Չի նեղսրտում, պատրաստ է 23-ամյա որդու՝ Նորիկի հետ զենք վերցնել ու պաշտպանել սահմանը։
Առաջին համաշխարհային պատերազմում զոհված պապիկի ու արցախյան առաջին ազատամարտում նահատակված փոքր եղբոր անունն էլ էր Նորիկ։ Իր ցանկությամբ որդին ևս շարունակում է նրանց անունը։
Նորիկի ծնունդն էր, երբ սկսվեց պատերազմը: Կինը՝ Մանուշը, պատմում է, որ «բլոկադային» սեղան էր փորձում պատրաստել, երբ կեսօրին լսվեցին առաջին կրակոցները։ Հայր ու որդի միասին գնացին սահման և միասին էլ կռիվ էին տալիս թշնամու դեմ անհավասար մարտում։ Արարատի համար որդու հետ կռվելը կրկնակի պատասխանատվություն էր, Մանուշի համար սպասումը՝ փորձություն։ Հոր և որդու վերադարձը օրհնություն էր։
«Աստված խնայել է»,- ասում է Մանուշը, ու շտապում ավելացնել՝ երբեք չի հաշտվելու այն մտքի հետ, որ այլևս տուն չի վերադառնա։
«Լեն ու բոլ տնից միայն ընտանեկան մի քանի լուսանկար ենք բերել, 2 օր անցել դժոխքի ճամփան, հասել Հայաստան։ Այստեղ լավ է, գյուղի դիրքը, կլիման, մարդիկ, բայց ես չեմ կարողանում մնալ։ Թեկուզ տարիներ էլ անցնեն, միևնույն է, Նորշենի կարոտը ոչ մի գյուղ, ոչ մի քաղաք չի փարատելու»։
Արարատը ցույց է տալիս հեռախոսում պահպանված՝ Արցախից ամենաթանկ հուշերը. 300 տարվա պատմություն ունեցող հայրական տան կամարաձև քարերը, եղբոր՝ Նորիկի ու հայրենիքի ազատագրման ժամանակ անմահացած համագյուղացիների շիրիմները։ Ու գոնե կարողանար բերել նախապապերից սերնդեսերունդ փոխանցված «Խանչալը», ափսոսում է Արարատը...
Հունան Թադևոսյան