Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ՀՀ իշխանությունների քայլերին․ Խալաթյան

Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ՀՀ իշխանությունների քայլերին․ Խալաթյան

Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանից դրանք հանելու հարց ՀՀ-ն չի քննարկվում։

Դեպի ո՞ւր են գնում հայ-ռուսական հարաբերությունները, ի՞նչ զարգացման սցենարներ կլինեն, եթե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն այդպես էլ չվերադառնան դաշնակցայինի տրամաբանության կոնտեքստ: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ: 

«Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին խորը ճգնաժամ են ապրում։ ՀՀ իշխանությունները, անվանելով դա «անվտանգային համակարգի և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիա», սկսել են ավելի սերտ համագործակցել Արևմուտքի հետ, իսկ հետևելով պրոիշխանական ԶԼՄ-ների ու տելեգրամյան ալիքների աշխատանքին, պարզ երևում է, որ այնտեղ Ռուսաստանին ներկայացնում են որպես Հայաստանի թշնամի։ Բնականաբար, այդ քայլերին Ռուսաստանը նայում է որպես դաշնակցային հարաբերությունների վերանայում, աշխարհաքաղաքական reverse ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Խալաթյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով, թե ինչ հակամարտության մեջ է Ռուսաստանը հավաքական Արևմուտքի դեմ Ուկրաինայում, ՀՀ իշխանությունների Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու քայլերը ՌԴ կողմից արդեն ստանում են իրենց գնահատականը, ընդ որում՝ արդեն բաց տեքստով։

«ԱԳ նախարարը հայտնում է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջ է տանում արևմտյան շահերը։ Ճգնաժամը խորանում է, քանի որ, մի կողմից, ՀՀ իշխանությունները ցանկություն չունեն և չեն պատրաստվում հետ կանգնել իրենց վարած քաղաքականությունից Ռուսաստանի հանդեպ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանն առանց նուրբ խաղերի, շատ կոշտ արձագանքելու է ՀՀ իշխանությունների քայլերին»,- նշեց Խալաթյանը։

Անդրադառնալով ռուսական հեռուստաալիքով հեռարձակված աղմկահարույց հաղորդմանը, դրան հաջորդած հայկական վարորդական իրավունքների հարցը անժամկետ Պետական Դումայի կողմից հետաձգելուն և այլ հարցերի, Հայկ Խալաթյանը նշեց, որ այս ամենը մեսիջներ են ՀՀ իշխանություններին, որ քաղաքականությունը չփոխելու դեպքում ավելի կոշտ քայլերի պետք է սպասեն:

Վերադառնալով ռուսական ռազմաբազաների դուրսբերման հավանականությանը՝ Խալաթյանը նշեց, որ ՀՀ ներկա իշխանությունները շարունակելու են պահպանել իրենց գործողությունների հետագիծը, ապա չբացառեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա այդ քայլին: Այն է՝ ռուսական ռազմաբազայի և սահմանապահ զորքերի դուրսբերմանը Հայաստանից։ Ի վերջո, նկատեց նա, այս քայլերի մասին ՀՀ իշխանությունը վաղուց է ակնարկում։

«Հիշելով ՔՊ վառ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանի մեկ տարի վաղեմության հարցազրույցը,  որտեղ նա շեշտում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին օգուտ չի տալիս, այլ հակառակը, սպառնալիք է հանդիսանում և խնդիրներ ստեղծում Հայաստանի համար, շատ հեշտ կարելի է հասկանալ, որ ՔՊ-ն վաղուց է այս հարցը քննարկում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Հայկ Խալաթյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները այսպիսի հայտարարություններով ու հարցազրույցներով անկասկած հող են նախապատրաստում այդ ծրագրի իրագործման համար։ Բայց և հորդորեց չմոռանալ՝ Ռուսաստանը շատ լուրջ լծակներ ունի Հայաստանի վրա ազդելու համար՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական:

Մարիա Զարգարյան