Իշխանասարի, թե մեկ այլ դիրքում․ փաստն այն է, որ թշնամին հայ ռազմագերիներին ՀՀ սուվերեն տարածքում է գնդակահարել

Իշխանասարի, թե մեկ այլ դիրքում․ փաստն այն է, որ թշնամին հայ ռազմագերիներին ՀՀ սուվերեն տարածքում է գնդակահարել

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ Այդ մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ  Սիրանուշ Սահակյանը։

Նա տեղեկացրել է, որ տղաների մարմինները նույնականացված են։ 

«Ուսումնասիրված է տեսանյութը, ստուգված է, այն իրական է։ Դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում սեպտեմբերի 13-ին, ադրբեջանցի զինվորների ներգրավմամբ։ «Կոմանդո» նորաստեղծ ստորաբաժանումն է, որը վերապատասրաստվում է Թուրքիայի կողմից։ Վերապատրաստվող ստորաբաժանումներն էլ ծրագրավորում և իրականացնում են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ, և, բնականաբար, խրախուսվում են այդ արարքների համար»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ է նմանատիպ հրապարակում արել՝ նշելով, որ դեպքը 90%-ով Իշխանասարի դիրքերից մեկում է եղել։

Հիշեցնենք, որ ՊՆ-ից MediaHub.am-ին ավելի վաղ այսօր հայտնել էին, որ տեղորոշում արված է, սակայն նպատակահարմար չէ հանրայնացնել, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։

ՔԿ-ից էլ մեզ հետ զրույցում նշել են, որ սպանված ռազմագերիների նույնականացման հետ կապված հրապարակային տեղեկատվություն լինելու դեպքում իրենք հաղորդագրություն կտարածեն։

Նպատակահարմար կլինի, թե չի լինի հայտարարել, թե որ դիրքում է հայ զինծառայողը գնդակարարվել, սակայն մեկ բան փաստ է․ դեպքը տեղի է ունեցել ՀՀ սուվերեն տարածքում։ Կրկնենք՝ միակ փաստը դա է․ խաղաղության դարաշրջանը, որը դեռ չի էլ ծնվել, դե, վերջին հարցազրույցում այդպես է հայտարարել Նիկոլ Փաշինյանը, ծնվելու է իր հողի վրա, իր տանը դաժանորեն գնդակահարված ռազմագերու արյան վրա․․․։ Բայց և այնպես, իշխանությունն այսօր էլ հայտարարում է, որ պարտադիր է գնալ այդ՝ արյունահոտ ու մեռելային դարաշրջանի հետևից։

Նարե Գնունի