Գերիների իրական թիվը 17-ը չէ. Ադրբեջանի նկատմամբ քաղաքական լծակներ են կիրառվում․ իրավապաշտպաններ

Գերիների իրական թիվը 17-ը չէ. Ադրբեջանի նկատմամբ քաղաքական լծակներ են կիրառվում․ իրավապաշտպաններ

17 ռազմագերին սեպտեմբերի 13-ից հետո են գերեվերավել, Ադրբեջանը թիվը պաշտոնականացրել էր, ՄԻԵԴ-ը տեղյակ էր այդ մասին, բայց մենք համոզմունք ենք հանձնել, որ իրական թիվը 17-ը չէ և վերջին գնդակահարության տեսանյութն էլ ապացույցն էր այն բանի, որ, իսկապես, գերեվարումներն ավելի շատ են եղել, պարզապես նրանց նկատմամբ կատարվել է պատերազմական հանցագործություն։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է հայ ռազմագերիներին վերադարձնելու իր խոստումից։ Նա նշել էր, որ Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվեց մինչ սեպտեմբերի 30-ը 17 հայ ռազմագերու ազատ արձակել, սակայն խոստումը չի կատարել։ Պայմանավորվածությունը չպահելու մասին այնուհետ խոսեց նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ դարձյալ հանրայնացնելով 17 թիվը:

MediaHub.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ հայկական կողմը Եվրոպական դատարանի խողովակով փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանը կատարի խոստումը, այս ուղղությամբ նաև պետությունը քաղաքական լծակներ է կիրառում։ 

Սիրանուշ Սահակյանը փոխանցեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Ադրբեջանի իշխանության նկատմամբ ճնշումները մեծացվեն և միջազգային մարդասիրական պարտավորությունները կատարվեն, ինչպես նաև, եթե քաղաքական գործընթացները հայտնվեն փակուղում, ապա հարցը կհանգուցալուծվի իրավական ճանապարհով։ Հարցին, թե ինչպե՞ս պետք է հասնել այն կետին, որ միջազգային հանրությունն իսկապես սկսի գործել և չբավարարվի միայն մարդասիրական կոչերով, Սահակյանը պատասխանեց․ 

«‎Միջազգային հանրությունը գործում է իր շահերից ելնելով։ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երբեք էլ այս կառույցների համար նպատակ չեն եղել, դրանք միջոց են՝ այլ երկրներ կառավարելու։ Միջազգային կառույցներն ու Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն, սակայն չի բացառվում, որ այդ հարաբերությունները մեկ օր կվատթարանան ու այս ապացույցները որպես լծակ կօգտագործվեն Ադրբեջանի դեմ, սակայն սա կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կհակադրվի իրենց»,-ասաց նա։ 

‎Սահակյանը հիշեցրեց, որ էներգետիկ ոլորտի շահերը, ինչպես նաև Իսրայելի ազդեցությունը մեր տարածաշրջանում նպաստում են, որ այս փուլում Ադրբեջանի օգտին որոշումներ կայացվեն, որի արդյունքում, նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքականության դիմաց ստորադասված է։ 

«‎Եթե այսպիսի ակնառու հանցագործությունների պարագայում պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա Հայաստանը պետք է վերանայի իր համագործակցությունն այն կառույցների հետ, որտեղ մարդու իրավունքներն անտեսվում են»,-ընդգծեց Սահակյանը։

Լիաննա Թորոսյան‌‎