Արնաքամ լինող Արցախը դիմադրում է. հրաժարական չպիտի՛ լինի

Այն, ինչ կատարվում է Արցախում ավելին է, քան քաոսը, ճգնաժամը, ցեղասպանությունը։
Նախագահ Արայիկ Հարությունյանը Վերածննդի հրապարակում խոստացավ, որ իրավիճակը չշտկելու դեպքում հրաժարական կտա, բայց այնպես չէ, որ այդ որոշումը կամ հայտարարությունը արեց էմոցիաների տակ՝ ժողովրդին բավարարելու համար։ Օրեր առաջ էր Հարությունյանը փակ հանդիպում ունեցել մի շարք գործիչների հետ ու նույն հարցը քննարկել։
Իրականում, արցախցիների համար Հարությունյանի հրաժարականը լուծում չէ, ասում են՝ պատասխանատուն ինքն է ու «թռնելու» իրավունք չունի։ Նույն ժամանակ, Հարությունյանի հրաժարականի հավանական լինելու թեման նոր թափ է հավաքում ու Սամվել Բաբայանի անունն է քննարկվում որպես նոր նախագահ։ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալուց հետո նախագահի լիազորությունները ԱԺ նախագահին պիտի անցնեն, այսինքն՝ նորընտիր Դավիթ Իշխանյանին, բայց MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սա էլ երկար չի տևի, ընդամենը մի քանի օր ու ԱԺ-ն նոր նախագահ կընտրի՝ լիազորություններն ունի։
«Եթե չեմ սխալվում՝ հունիսին հաստատվեց այն որոշումը, որով ԱԺ-ն իրավասու է նախագահ ընտրել։ Սամվել Բաբայանի անունն է շրջանառվում, իբրև թե միայն նա կարող է վիճակը շտկել, բայց արցախցիները նրան դեմ են»,-ասաց մեր աղբյուրը։
Հիմնական թեզը, թե ինչու են արցախցիները դեմ «կամանդույուշչիին» այն է, որ նրա համար դժվար չէ կապեր հաստատել Ադրբեջանի հետ և հիմա էլ Բաբայանը չի թաքցնում, որ կողմնակից է թշնամի երկրի հետ հարաբերությունների հաստատմանը: Առաջին ծիծեռնակն էլ հենց Աղդամի ճանապարհի բացումը կլինի, հատկապես, որ Ադրբեջանն արդեն ուլտիմատումային խոստումներ է տալիս՝ կբացվի Աղդամը, դրանից մեկ օր չանցած կբացվի նաև Լաչինի միջանցքը:
Արցախցիները պնդում են՝ այդ գնով պետք չէ: Նաև հավելում՝ Արայիկ Հարությունյանին չպետք է թողնեն հեռանա, նա պետք է մնա մինչև վերջ իրենց հետ, և այստեղ նրան սիրել կամ չսիրելու հարցը չէ առանցքայինը:
Ստացվում է՝ ամեն ինչ հաշվարկված է․ Աղդամի ճանապարհի թեման, ադրբեջանական «հումանիտար բեռը», Լաչինի միջանցքից 10 օրով առևանգումները, Արայիկի լալահառաչ ելույթներն ու հավանական հրաժարականը.... այս ամենը միայն ավելի է խորացնում քաոսը առանց այդ էլ արնաքամ լինող Արցախում: