Եվ 104 տարի հետո ինչ-որ մեկը Դանիել Բեկ-Փիրումյանի հայրենիքը ճանաչեց Ադրբեջանի կազմում...

«Զավեշտ չէ՝ հեգնանք է, երբ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման հիմքում նշանակալի դերակատար Դանիել Բեկ- Փիրումյանի ծննդավայր Նախիջևանիկը, արդեն 2 տարի է, գերության մեջ է»,- MediaHub-ին ասում է մորական կողմի արմատներով նախիջևանիկցի, Դանիել Բեկ-Փիրումյանի շառավիղներից Վալերի Խաչատրյանը։
Նախիջևանիկն Արցախի Ասկերանի շրջանի (նախկինում՝ Խաչեն գավառ) հարավային գյուղերից մեկն է։ Վալերիի խոսքով՝ փոքր գյուղը տվել է ինչպես զորահրամանատարներ, այնպես էլ կրթության ու առողջապահության ոլորտի կարկառուն դեմքեր։
«Չլիներ Սարդարապատի հերոսամարտը, չէր հռչակվի ո՛չ Առաջին հանրապետությունը, և ո՛չ էլ գուցե Հայաստանը։ Իսկ հերոսամարտը բացառիկ է եղել զորահրամանատարների շնորհիվ, հենց Դանիել Բեկ-Փիրումյանի դերակատարումը մեծ է եղել նրանով, որ ինքն է ղեկավարել ճակատամարտը։ Նրա ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրքերին։ Սարդարապատի հերոսամարտին մասնակցել և մարտական սխրանքներ է գործել նաև Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդի, այսինքն իմ տատի եղբայրը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի 5-րդ գնդի հրամանատար։ Դա մահապարտների գունդն էր։ Դժվարանում եմ խոսել այն մասին, որ Առաջին հանրապետության հիմնադրումից 104 տարի հետո ինչ-որ մեկը Բեկ-Փիրումյանների հայրենիքը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- նշում է Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցը։
Վալերին Արցախի կորստից հետո դեռ Հայաստան չի վերադարձել։ Բայց այսօր՝ մայիսի 28-ին, աշխարհով մեկ սփռված Բեկ-Փիրումյանների տոհմը հիշում ու մեծարում է մեծ զորահրամանատարին։
Փիրումյաններ կամ Բեկ-Փիրումյաններ գերդասատանը մեր զրուցակցի խոսքով՝ շատ մեծ է։ Մի մասը բնակվում է Հայաստանում, հիմնականում Երևանում և Արմավիրի մարզում, մեծ մասը՝ Ռուսաստանում ու կենտրոնական Եվրոպայում։
«Մի հետաքրքիր բան կա. թե՛ մեր ցեղում և թե՛ բուն Բեկ-Փիրումյանների տոհմի բոլոր ընտանիքներում կան ու առ այսօր էլ շարունակում են Դանիել անունը կնքել գալիք երեխաներին։ Դրանով մենք ապրեցնում ենք մեր հերոսին»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Դանիել Բեկ-Փիրումյանը 57 տարեկան էր, երբ 1918 թվականի մայիսյան հաղթանակից հետո նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Նա նորանկախ Հայաստանի Հանրապետության օրոք առաջիններից մեկն էր, ով պաշտոնապես ստացել է այդ կոչումը։
Հունան Թադևոսյան