Զինծառայողները հավելավճար կստանան․ որո՞նք են պայմանները

Խորհրդարանը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ըստ նախագծի, պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողները, որոնք զբաղեցնում են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, կարող են ատեստավորում անցնել ու հավելավճար ստանալ։

«Ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ երկու անգամ»,- շեշտեց Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն ատեստավորման արդյունքներով լրավճարների հաշվարկման կարգը և չափերը:

Ընդ որում, ատեստավորման արդյունքները սահմանվելու են այնպես, որ դրանք վերաբերեն բացառապես լրավճար ստանալու իրավունքին կամ այդ իրավունքից չօգտվելուն և ազդեցություն չեն ունենալու զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության վրա: Ատեստավորումն իրականացվելու է կամավոր հիմունքներով, բացառությամբ մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների, որոնց համար սահմանվելու է պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քանի 4-րդ ամիսը լրանալու օրը ատեստավորման պայման, ընդ որում, ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում լրավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:

Ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք չբերած սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները կարողանալու են կրկին դիմել ատեստավորում անցնելու համար ոչ շուտ, քան 3 ամիս հետո, որի դեպքում լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու պարագայում լրավճարը հաշվարկվելու է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Մանրամասները՝ տեսանյութում։