Ինչո՞ւ ընդդիմությունը վերադարձավ ԱԺ․ մեկնաբանում է Սեյրան Օհանյանը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս շրջանում ԱԺ-ում աշխատել է, բայց իր օրակարգով։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանություններն ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում՝ կտրված իրական իրավիճակից, իսկ ընդդիմության բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Արցախին, անվտանգությանը, մերժվել է։
«2018-ից սկսած մեզ մոտ շատ վտանգավոր վիճակ էր, ինչը հանգեցրեց պատերազմի, իսկ հիմա էլ այդ անհաջողությունների շարանը շարունակվում է»,- նշեց Օհանյանը։
Ըստ նրա՝ կապիտուլյացիոն գործարքները շարունակվում են Հայաստանում։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ օրակարգի մեջ մտնելն ավելի է սրում վիճակը, ինչն էլ պատճառ դարձավ ընդդիմության փողոցային պայքարի համար։
«Մենք միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր ինքնության համար։ Հիմա փողոցային պայքարն ավարտվել է, և մեզ մանդատ է տրվել ԱԺ-ում աշխատելու»,- նշեց Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ ամբիոնից են շարունակելու ներկայացնել այն վտանգները, որոնք առկա են, և որոնց դեմ պետք է պայքարել։
«Մեր համակիրները մեզնից պահանջում են մեր օրակարգում առկա խնդիրը լուծել՝ փոխելով այս իշխանությանը։ Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է ձերբազատվի պարտված իշխանությունից։ Բացի այդ, մենք պետք է կանխենք այն անհաջողությունների շարանը, որ առկա է մեր երկրում»,- նկատեց Օհանյանը։
Ըստ նրա՝ խաղաղությունը ներկայացվում է որպես անվտանգության երաշխիք, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։
«Խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, այսինքն՝ ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ձևավորված արդյունք»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: