«Կանաչ» էներգետիկ համաձայնագիրը կլինի «խաղաղության ամենամեծ ծրագիրը»

 «Կանաչ» էներգետիկ համաձայնագիրը կլինի «խաղաղության ամենամեծ ծրագիրը»

Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն ասել է, որ ԱՄՆ-ի կանաչ էներգիայի ծրագիրը կլինի «խաղաղության ամենամեծ ծրագիրը» համաշխարհային պատմության մեջ:

«Եթե մենք ուզում ենք լինել էներգետիկ առումով անվտանգ եւ անկախ, դա նշանակում է, որ պետք է արտադրենք մեր էներգիան: Իռլանդիայի իմ գործընկերն ասել է, որ ոչ ոք երբեւէ չի զինվել արեւի հասանելիությամբ։ Ոչ ոք երբեւէ քամին որպես զենք չի օգտագործել։ Միգուցե մաքուր էներգիային անցումը կլինի ամենամեծ խաղաղության ծրագիրը, որը երբեւէ ճանաչել է աշխարհը», - ասել է Գրանհոլմը «Ամերիկայի Ձայն»-ին:

Հարցազրույցի ընթացքում Գրանհոլմը նաեւ ասել է, որ նավթի արդյունահանման ավելացումն այն է, ինչը վարչակազմը կոչ է անում «հենց հիմա», սակայն ի վերջո պետք է անցնեն մաքուր էներգիայի:

Գրանհոլմին հարցրել են, արդյոք գալիք ձմռանը «դժվար» կլինի Եվրոպայի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ջանքերը, որը շատերի մտավախության համաձայն, կհանգեցնի էներգետիկ ճգնաժամի, քանի որ ջերմաստիճանը կնվազի եւ ավելի շատ եվրոպացիներ ջեռուցման կարիք կունենան:

«Կասկած չկա, որ ձմեռը թանկ է լինելու: Ես գիտեմ, որ եվրոպացի առաջնորդները փնտրում են ուղիներ, թե ինչպես կարող են մեղմել իրական մարդկանց ցավը այս հարցում։ Սակայն ես գիտեմ, որ ի վերջո նրանք մտադիր են հեռանալ ռուսական վառելիքից եւ շարժվել մաքուր էներգիայի ուղությամբ», - ասել է Գրանհոլմը։

Գրանհոլմի խոսքերն արժանացել են պահպանողականների քննադատությանը:

«Ուկրաինայի պատերազմը եւ դրան հաջորդած էներգետիկ ճգնաժամն ամբողջությամբ պայմանավորված էին մաքուր էներգիայով եւ կլիմայական ապուշությամբ», - ասել է Fox News-ի թղթակից Սթիվ Միլոյը: