Ավտորիտարիզմի ուրվականը

Ավտորիտարիզմի ուրվականը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանն է, ով վերադասի հրահանգով՝ քաղաքական հետապնդումներ է սկսել իր ենթակաների նկատմամբ։

Վերադարձ ավտորիտարիզմին

«Ազատությունը» երեկ ուշագրավ մի պատմություն է ներկայացրել։

Վանաձորի համայնքապետարանի 20 տարվա աշխատակից Արթուր Ղազարյանն անցած շաբաթ գործազուրկ է դարձել՝ սեփական կամքին հակառակ։ Վերադասը նրան ու քաղաքապետարանի ևս մեկ աշխատակցի ազատել է գործից՝ սոցիալական ցանցերում քաղաքական դիրքորոշում արտահայտելու, գործի ժամերին ցույցերի մասնակցելու համար։ Դա համարել են «Համայնքային ծառայության մասին» օրենքի խախտում։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյան է ստորագրել հրամանը՝ փաստաթղթին կցելով ենթակաների ֆեյսբուքյան էջերից արված քաղվածքներ` իշխանություններին քննադատող հոդվածներով ու հայտարարություններով։ Որպես ապացույց ներկայացված են նաև լուսանկարներ, թե նրանք մասնակցել են ընդդիմության հանրահավաքներին. «Հանրահավաքների են մասնակցել... եղել է նաև աշխատանքի ժամին։ Նաև աշխատանքի ժամին սոցիալական ցանցերով կոչեր, վիրավորանքներ երկրի ղեկավարին»։

Ո՞վ է իրական պատվիրատուն

Ակնհայտ է, որ Դավիթ Հակոբյանը միանձնյա չի կայացրել այս ապօրինի որոշումները՝ բացառապես քաղաքական հետապնդման բաղադրիչով։ Ասում են՝ նրան քաղաքական պատվեր է իջեցրել Լոռվա ՔՊ-ական մարզպետը։ Իհարկե, այս հանգամանքը Դավիթ Հակոբյանին պատասխանատվությունից չի ազատում․ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ մի օր պատասխան է տալու իր ապօրինության համար։

Վահրամ Բագրատյան