ՔՊ-ի հույսը մնացել է Դանիելը

ՔՊ-ի հույսը մնացել է Դանիելը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության տխրահռչակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, ով հերթական հայտարարությունն է հնչեցրել՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու մոլուցքով։

Ի՞նչ է ասում Ալեքսանյանը

«Քաղաքացիական պայմանագրում» համոզված են, թե ընդդիմությունը հիմա էլ լայն աջակցություն չունի։ Չնայած ցույցերը չեն դադարում, սակայն հարցը քննարկելու իմաստ չեն տեսնում: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ այս իրավիճակում անցումային կառավարություն ձևավորելու հայտարարություններն առնվազն անլուրջ են։

«Եթե հավատանք «Իրազեկ քաղաքացիների միավորման» տված տվյալներին, ապա մայիսի 1-ից մինչև այժմ երկու անգամ պակասել է նրանց հանրահավաքների մասնակիցների թիվը` հասնելով 7 հազարի: Եթե պարոն Իշխան Սաղաթելյանի կարծիքով` Հայաստանում 7 հազար հոգին իր հանրահավաքի մասնակից պիտի ինչ-որ մի կառավարություն ձևավորեն, լավագույն մաղթանքներս Իշխան Սաղաթելյանին», - ասել է իշխանության ներկայացուցիչը:

Իշխանության անմեղսունակությունը

Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ կարևոր մի հանգամանք։ Ուշադրություն դարձրեք կարևոր մի իրողության վրա՝ ԱԺ-ում փաստացի ինստիտուցիոնալ ճգնաժամ է, փողոցներում ծավալվում է քաղաքացիական անհնազանդություն, երկրում հասունանում է երկիշխանություն ու այս համատեքստում՝ իշխանության հույսը մնացել է մի հասարակական կազմակերպության վիճակագրությունը՝ հանրահավաքի մասնակիցների թվի, շարժման դինամիկայի մասին։ Իշխանության անմեղսունակությունը նոր «բարձունքներ» է «նվաճում»։

Վահրամ Բագրատյան