Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու», - ասվում է հայտարարության մեջ:
Առաջնորդներն անդրադարձել են առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի քանի հրատապ հարցերի, մասնավորապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։
Վլադիմիր Պուտինը «հաջողություն է մաղթել» Ահմեդ ալ-Շարային երկրի նոր ղեկավարության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, ում հետ «Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել»։