Գնալու ենք Հ1 Պետրոսին իր տեղը ցույց տանք․ կառավարության հեգնական վերաբերմունքն ու արցախցիների չլուծվող խնդիրները

Գնալու ենք Հ1 Պետրոսին իր տեղը ցույց տանք․ կառավարության հեգնական վերաբերմունքն ու արցախցիների չլուծվող խնդիրները

Օրերս հանրայինի եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել էր բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Ամենից առաջ արցախցիներին հուզող հարցը վերաբերում է բնակապահովման ծրագրին, որը, սակայն, տրամաբանական հանգուցալուծում չի ստանում։ 

«Բնակարանների վարձը հասնում է աստղաբաշխական թվերի ու պետության կողմից որևէ վերահսկողություն չի իրականացվում, իսկ եթերում «լոլոներ» կարդալը, թե իբր ծրագիր է մշակվում, վիրավորանքից բացի ուրիշ ոչինչ չի հարուցում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Անժելա Գրիգորյանը։

Նա ասաց, որ արցախցիներն իրենց շրջաններում ու քաղաքներում բնակարանները ձեռք են բերել քառակուսի մետրով, իսկ տեղահանությունից հետո՝ ՀՀ-ում արդեն պարզ է դարձել, որ բնակարանները շնչերով են հաշվում։ 

«Այսինքն, եթե մեկը, ենթադրենք, Ստեփանակերտում կամ Ասկերանում ձեռք է բերել բնակարան, հետո իր երեխաները մեծացել ամուսնացել են, ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում բնակարան ձեռք բերել չի կարող, քանի որ շնչի քանակը չի հերիքում։ Պարադոքս է, արհամարհանք, ուրիշ ոչինչ։ Ամեն ինչ անում են, որ արտագաղթ լինի, բայց եթերներում այնպիսի քարոզ են տանում, իբր ուզում են մնանք։ Արդեն հոգնել ենք էս անգործությունից ու արցախցիների հանդեպ ՀՀ կառավարության հեգնական գործողություններից»,-ասաց նա։ 

Եթերը դիտելուց հետո արցախցիների մոտ հիասթափություն է առաջացել։ Մեր զրուցակիցն ասում է, որ Արցախում ինքն ու իր հարազատները բնակարաններ են թողել, վկայականները տեղահանության ժամանակ բերել են իրենց հետ, իսկ նրանք, ովքեր չեն բերել՝ ամենը մնացել է կադաստրի բազայում, այն հեշտությամբ կարելի է ձեռք բերել այստեղից։

«Մեր սպասումներն ավելին էին, քան իրականությունը, 3 միլիոն դրամով վստահ եմ, իրենք նույնիսկ մեքենա չեն գնի։ Հերիքա արդեն, հարգե՛ք մեզ։ Քիչ չի թշնամին ոտնահարել, հիմա էլ սրանք։ Էնքան երկրներ դրամական աջակցություն են տրամադրել արցախցիներին, որ օգնության տեսքով կառավարությունը փոխանցի մեզ։ Հիմա 3 միլիոն դրամի մասին են խոսում, ընդ որում ոչ բոլորն են դառնալու այդ ծրագրի շահառու։ Ես չեմ ասում բնակարան նվիրեք ինձ, գոնե այն մատչելի դարձրեք, մի հիասթափեցրեք, որովհետև շատերս Արցախի կորստից հետո ուզում ենք մնալ գոնե Հայաստանում»։ 

Անժելա Գրիգորյանը կառավարության գործունեությունը հեգնական է համարում, քանի որ ունի դրա բոլոր պատճառները։

«Սկզբից ասացին ձեռք բերեք փախստականի փաստաթուղթը, որ կարողանանք ապահովել աշխատանքով, օրերով հերթ ենք կանգնել, վերցրել, հիմա երբ դիմում ենք աշխատանքի համար, ասում են` պետք է փոխեք անձնագիրը, 070 կոդով չենք կարող ապահովել աշխատանքով։ Այդպես հիմնականում վերաբերվում են զինվորականների հետ»,-ասաց նա։ 

Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանն օգտագործել էր «Արցախից փախած մեր հայրենակիցներ» արտահայտությունը, ինչը վիրավորել է արցախցիներին։ Անժելայի խոսքով, «արցախցիների մասին ինչ մտածում է Հայաստանի իշխանությունը, այդ ամենն ասվում է Պետրոսի բերանով՝ Հ1-ի եթերում». 

««Չփախնելու» համար մենք 9 ամսից ավելի պայքարել ենք՝ դիմակայելով բլոկադայի հարուցած խնդիրներին, Ադրբեջանը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ ու ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ։ Այդքանից հետո Փաշինյանն ինքն է ելույթում ասել, որ խաղաղ բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական օրակարգն են առաջ տանում»։ 

Նա չցանկացավ վերստին հիշել այն դժոխային օրերը, որ պատուհասել էր արցախաբնակ իր հայրենակիցներին՝ 9-ամսյա շրջափակումից հետո, նշելով, որ արցախցիներին պիտակավորելու հաջորդ պատասխանը լինելու է անհամարժեք, ավելի կոպիտ.

 «Արցախցի կանանցով հասնելու ենք Հ1 և Պետրոսին իր տեղը ցույց տանք»,- հավելեց Արցախից բռնի տեղահանված Անժելա Գրիգորյանը։

Հունան Թադևոսյան