«Քնեմ, աչքերս բացեմ Արցախում, Մխիթարաշենի իմ տան պատուհանից նայեմ Շուշվա բարձունքներին»….

Մխիթարաշենցի Արմինե Օհանջանյանի համար պատերազմը սկսվել է 2020 թվականին ու Շուշիի անկումից հետո էլ չի ավարտվել։ Քանի որ աշխարհագրական դիրքով Շուշին Մխիթարաշենի ու հարևան բնակավայրերի տանիքն էր, այնտեղից դիտարկվում էր ամբողջ գյուղը։ Ադրբեջանական դիրքերն Արմինեն ամեն օր ստիպված տեսել է։
MediaHub-ի հետ զրույցում նա ասաց, որ հատկապես գիշերները, միմյանց ինչ որ բան էին հասկացնում լապտերներով. «Հաճախ նաև տարբեր գույնի «լազերներ» էին կիրառում ու լույսը հասնում էր մեր տներ, կամ երթևեկելիս՝ մեքենաներ։ Իմ հեռախոսի մեջ շատ նյութեր կան և՛ միջդիրքային փոխրաձգության, և՛ իրենց շարժի մասին»,- ասում է նա։
Ադրբեջանական դիրքերի ու բնակելի տների հեռավորությունը մոտ 250-300 մետր էր։ Այդքանով հանդերձ՝ փոքր գյուղի բնակիչները շարունակել են ապրել, չնայած, որ 2020-ից հետո գյուղի անտառային զանգվածը, արոտավայրերն ու այգիների մի մասն անցել է թշնամու վերահսկողության տակ։
«Միակ վախը, որ կար՝ մտածում էի դիվերսիա կանեն ու մի գիշերում գյուղը կպաշարեն»,-ասում է Արմինեն։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Արմինեի քույրն էր զանգել Բերքաձորից, ասել, որ պայթյունի ձայներ է լսել։ Մեր զրուցակիցն ասում է, որ իրենց մոտ պատերազմի տրամադրություններ այդ օրը չի նկատել։ Երեխաները դպրոցում էին, 2 տղաները անտառում փայտի։
«Ես քրոջս հանգստացրեցի, որ մեր կողում ամեն ինչ լավ է, իսկ քիչ անց լսեցի առաջին պայթյունները։ Անաստվածներն ամեն ինչով խփում էին, էլ ավիացիա, էլ հրետանի, չգիտեմ։ Ես լսում էի մեր դիրքերում գտնվող վիրավոր տղաների բղավոցը, որ օգնություն էին խնդրում։ Երանի հնար լիներ օգնելու։ Բլոկադայի ժամանակ ես իմ այգու բերքը, իմ թխած թոնրահացը առաջինը զինվորներին եմ ուղարկել, մեզանից շատ մոտ էին։ Ամուսինս էլ աշխարազորային է։ Իսկ այդ օրը չգիտեի ում մասին մտածել․ ամուսնուս, դպրոցական երեխաներիս, հղի վիճակում գտնվող հարսիս, թե՞ անտառում գտնվող տղաներիս»,-ասում է մեր զրուցակիցը, ընդգծում, որ պատերազմի առաջին րոպեներին ուզում էր խելագարվել։
Այդ օրն Արմինեի պատասխանատվության տակ էին նաև ամուսնու եղբոր երեխաները։ Գյուղի մի մասն էլ եկել էր Արմինեի տուն, քանի որ ապաստարանն ավելի ապահով էր։
«Տղաներս եկան։ Քանի որ ձմեռվա համար փայտ էին անում անտառում, «դրուժբայի» ձայնի տակ սկզբից չեն նկատել հրետանու ձայները։ Բայց մեկ հրթիռ պայթել է նրանցից մոտ 15 մետր հեռու, «վալնան» տարբեր ուղղությամբ շպրտել է տղաներիս, բախտները բերել է՝ «ասկոլկա» չի կպել։ Մի կերպ հասել են տուն»։
Արմինեի խոսքով՝ մեր տղերքը իրենց գյուղի ուղղությամբ թեժ մարտ են վարել։ Զոհեր ու վիրավորներ են ունեցել, բայց նաև կորուստներ են պատճառել. «Մեր տնից պարզ երևում էր ամեն ինչ։ Հազարների էր հասնում իրենց զորքը։ Երբ արդեն հայկական դիրքերից մեր տղերքի ձայնը էլ չէինք լսում, տղաս ասաց՝ արագ հավաքվեք, գնում ենք։ Մի քանի րոպե հետո արդեն հասկացանք, որ ադրբեջանցիները մեր գյուղ են հասնում։ Արագ-արագ պատրաստվեցինք, 5 տարեկան երեխայիս փաթաթել եմ «ադեալի» մեջ, վերցրել մեր անձնագրերը, իրար տեղեկացնելով, միմյանց մեքենաներում տեղավորվելով շարժվեցինք դեպի Շոշ, մի մասը դեռ գյուղում էր մնացել»։
Շոշ տանող ճանապարհը, որ դիտարկվում էր Շուշիից ու Մխիթարաշենի հարակից դիրքերից, սկսում է հրետակոծվել։ Արմինեն ասում է, որ ամբողջ ընթացքում մեծից փոքր բոլորը գոռում էին՝ բոլորը փրկվել էին ուզում.
«Ճանապարհի աջ ու ձախ կողմերում պայթում էին «մինամյոտի» արկերը, հետո սկսեցին կրակել «պուլիմյոտով», ուզում էին վերացնել մեզ, ոսկոր էինք իրենց կոկորդում»,-ասում է մեր զրուցակիցը։ Շոշի դպրոցի նկուղում Արմինեն գտել է դպրոցական երեխաներին ու տեղափոխվել են բարեկամի տան ապաստարան։
«Շոշում կրակում էին ամեն տեղ, գլուխներս չէինք կարողանում հանել։ Մեր համագյուղացի Արայիկ Աթայանը երիտասարդների օգնությամբ 5 «ռեյսով» Մխիթարաշենից Շոշ են տեղափոխել գյուղում մնացած մեր հայրենակիցներին»։
Ապա ամբողջ գիշեր ռմբակոծությունը շարունակվել է։ Ավելի ուշ Շոշի ու Մխիթարաշենի բնակիչները հավաքվել են, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնան։ Արմինեի ընտանիքը մեծ մեքենայով է դուրս եկել։
«Ռուսները մեզ բերեցին մինչև իրենց հենակետ, ասացին այստեղից այն կողմ ձեզ ուղեկցելու հրաման չունենք։ Մեքենաները քշեք առանց լույսերը միացնելու։ Մի աղմուկ -աղաղակ էր, մի անպատկերացնելի իրավիճակ։ Ամենավատ տեղը պիտի միայնակ անցնեինք։ Ճանապարհի երկայնքով բոլոր բարձունքներում ադրբեջանցիներ էին։ Ինչևէ, հասանք քաղաք, իրար կորցրեցինք։ Մտել ենք «Տիտանիկ» անունով հայտնի բնակելի շենքի նկուղ, մի մասը բետոնի վրա էր պառկել, մի մասը՝ «կարդոնների» վրա, մինչև շենքի բնակիչները մեզ փափուկ «ադեալներ» նվիրեցին»։
Արմինեի ու մխիթարաշենցիների պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել. օրեր շարունակ կինը պայքարել է նաև Ստեփանակերտում, որ կեցության պայմաններ ապահովեն, սնունդ տրամադրեն։
«Մի ամբողջ գիշեր երեխաները նորմալ չեն սնվել, այդ վիճակում սառը գետնին են քնել, հղի վիճակում հարսս… մի խոսքով՝ բարձիթողի վիճակ էր։ Ո՛չ սնունդ էին տալիս, ո՛չ մտածող կար մեր մասին։ Գնացել եմ կառավարություն, ձայնս բարձրացրել մի պաշտոնյայի վրա, հետո սայլը տեղից շարժվել է, մեզ տեղափոխել են հյուրատներից մեկը, միայն հաց ու «տուշոնկա» տրամադրել: Բլոկադա, սով, պատերազմ, զոհեր ու վիրավորներ, գյուղից տեղահանում, ապա գաղթ»,-Արմինեն արտասվում է իր հայրենակիցների բախտի համար։
Գաղթին պատրաստվելու փոխարեն անընդհատ արտասվել է, հետո երբ հասկացել է, որ հյուրանոցում միայն իր ընտանիքն է մնացել, եկել է նաև իր գնալու ժամանակը, դրա համար տեղափոխվել ու միացել են դպրոցներից մեկում ապաստանած խնամու ընտանիքին։
«Բենզինի հերթում էինք։ Անընդհատ փոխում էին վառելիք բերելու ժամը, որն այդպես էլ չհասավ։ Հոգնած ու հյուծված վիճակում հերթի մեջ ես ու ամուսինս էինք կանգնել, հերթը՝ 5 շարքով սկսվում էր «Կոլցեվոյից», ավարտվում «Մռակած» բենզալցակայանում, բոլորը տարաներով էին ու խիստ նյարդային վիճակում։ Մի մարդ եկավ ու ասաց՝ Հայկազովում բենզին են տալիս։ Մեծ մասը գնաց, մենք շատ հոգնած լինելու պատճառով չգնացինք, հակառակ ամուսնուս ցանկությանը։ Ասացի, սիրտս լավ չի, չեմ ուզում գնամ։ Ետ վերադարձանք դպրոց»։
Արմինեն լսել է պայթյունի ձայնը, իսկ քիչ հետո նկատել է քաղաքում շտապ օգնության մեքենաները։ Նրա ընտանիքը 3 օր ճանապարհ է անցել։ Հակարի կամուրջը հաղթահարելուց հետո՝ Հայաստանում դիմավորել են ջերմությամբ։
Արմինեն երազանքներ շատ ունի։ Ամենագլխավորն է. «Քնեմ, աչքերս բացեմ Արցախում, Մխիթարաշենի իմ տան պատուհանից նայեմ Շուշվա բարձունքներին»…
Հունան Թադևոսյան