Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կիսաքանդ է․ 5 մլրդ 274 մլն դրամը «ջուրը գնաց»

Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհն անմխիթար վիճակում է։ 2021 թվականի օգոստոսի վերջին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանք հանդիսացող գրունտային ճանապարհը։

Նշված աշխատանքների համար Տաթև գյուղից մինչև Կապան ընդհանուր մոտ 43 կմ ճանապարհի հիմնանորոգմանը պետբյուջեից 5 մլրդ 274 մլն դրամ գումար տրամադրվեց, և 2021 թվականի նոյեմբերի տասին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ ճանապարհը պատրաստ է շահագործման։ Ճանապարհը կառուցվեց, սակայն, ինչպես հիմա է պարզ դառնում՝ իշխանությունն էլ վստահ չէր, որ խնդիրներ չեն առաջանալու։ Ճանապարհաշինական աշխատանքներն ընթանում են, իսկ այդ ընթացքում, թերևս, շարունակում են տուժել հարևան Իրանի հետ հարաբերությունները։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը շեշտում է, որ խիստ կարևոր է ճանապարհը հնարավորինս շուտ ամբողջ ծավալով շահագործման հանձնելը։

ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Մեդիահաբին հայտնեցին, որ ճանապարհաշինական աշխատանքները նախատեսում են ավարտել այս տարեվերջին։

Նարե Գևորգյան