Այս տեմպերով կունենանք մեծ ճահիճ՝ Սևանա լճի փոխարեն․ փորձագետ

Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մեղմելու նպատակով այս տարի թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն մ3 ջրառ իրականացնել։ «ԷկոԼուր» տեղեկատվական հկ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նշում է` այդ պարագայում էկոլոգիական մեծագույն նշանակություն ունեցող Սևանի համար դա կունենա, մեղմ ասած, վատ ազդեցություն։ 2021թ-ի հունվարի 8-ին Սևանա լճի մակարդակը 1900.52 մետր էր, և լիճն ուներ դրական հաշվեկշիռ՝ 2020թ-ի նույն օրվա նկատմամբ բարձր լինելով 9 սանտիմետրով:

Մինչդեռ 2021թ-ի դեկտեմբերի 3-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.46 մ: Սևանի մակարդակի անկումը խիստ բացասական ազդեցություն ունի լճի էկոհամակարգի վրա: Լճի մակարդակի անկման վրա ազդում են հավելյալ ջրառները, գլոբալ տաքացման արդյունքում լիճ թափվող գետերի հոսքերի նվազումը, գոլորշիացումը, սակայն մեր դիտարկումները ցույց են տվել, որ լիճը բացասական հաշվեկշիռ է ունեցել հատկապես այն տարիներին, երբ հավելյալ ջրառ է իրականացվել:

Բացառությամբ 2008թ-ի հավելյալ ջրառի, 2012, 2014, 2017, 2018, 2021 թվականներին իրականացված հավելյալ ջրառների արդյունքում գրանցվել են բացասական հաշվեկշիռներ: 2008թ. իրականացվել է 360,0 միլիոն խմ ջրառ, 2012թ-ին՝ 320,0 միլիոն խմ, 2014թ-ին՝ 240,0 միլիոն խմ, 2017թ-ին՝ 270,0 միլիոն խմ, 2018թ-ին՝ 210,0 միլիոն խմ, 2021թ՝- 227. 651 միլիոն խմ:

Մանրամասները՝ տեսանյութում