Փաշինյանը գլուխը պատին է տալիս՝ մեզ մեղադրելով․ Շարմազանով
Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու օրակարգով բանակցությունների մասնակցելը սրբապղծութուն է Եռաբլուրի հանդեպ, դավաճանություն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին, ապա, ըստ Շարմազանովի, նախ պետք է տարբերակել հայ ժողովրդին գործող վարչախմբից, և ՌԴ նախագահը դա հստակ նշել է։
«Ինքը շատ հստակ տարբերակում դրեց ու, այո, նշեց` գնդակը ժողովրդի ու արցախահայության դաշտում է։ Ի վերջո, մենք պետք է գնահատական տանք՝ տե՞ր ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, թե՞՝ ոչ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ Փաշինյանի, Մադրիդյան սկզբունքներով արդեն իսկ Արցախը թողնված էր Ադրբեջանի կազմում, Շարմազանովն արձագանքեց՝ գլուխը պատին է տալիս, որ նման բան է ասում։
«Բա որ նախկինները տվել էին, Ադրբեջանը ո՞նց էր 2016-ին հայտարարում, որ միջազգային հանրությունը ճնշում է իրեն՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Բա որ հանձնել էինք, ո՞նց էր Փաշինյանը Շուշիում տրնգի պարում, ո՞նց էր հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Էդ իր շնորհի՞վ էր։ Կամ Ալիևը ո՞նց էր ասում, որ իրենք երեսուն տարի պարտված են, և Մադրիդյան սկզբունքներն ու Կազանյան փաստաթուղթը նույն Նիկոլն է ասել, որ լավագույն փաստաթուղթն է»,- նկատեց Շարմազանովը։
Նախկին պատգամավորը հարց հնչեցրեց՝ կարո՞ղ է Փաշինյանն իրենց արածի 0.001 տոկոսն անի։
Մանրամասները՝ տեսանյութում։