Փաշինյանը Վարդենիսում ապագա է խոստացել, և հիմա մարդիկ այդ ապագան են փնտրում․ Թովմասյան

Փաշինյանը Վարդենիսում ապագա է խոստացել, և հիմա մարդիկ այդ ապագան են փնտրում․ Թովմասյան

Սոթքում բաց հանքի շահագործումը 1 ամսից կդադարեցվի, քանի որ պաշարները սպառվում են։ Այդ մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Ի՞նչ խնդիրներ կառաջացնի բաց հանքը չշահագործելը․ MediaHub.am-ի հարցին պատասխանել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Իմ տեղեկություններով՝ 500-ից ավելի քաղաքացիների՝ աշխատանքից ազատման դիմումներն արդեն կան։ Ես այս խնդրի մասին բարձրաձայնել էի, եթե կհիշեք, հենց Սոթքի հարցով ԱԺ-ում ակցիա իրականացրի՝ նշելով, որ մինչ ԱԺ-ում Կառավարությունը բյուջե է ներկայացնում, Սոթքում կրակում են։ Այդ մարդիկ հարցի լրջությունը չեն հասկանում։ Փոխանակ հենց այդ ժամանակ արձագանքեին, երեկ նոր ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե Ադրբեջանը կրակոցներով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, մինչդեռ այդ ճնշումների գործադրման գործընթացը սկսվել է ավելի վաղ»,- նշեց Թովմասյանը։

Պատգամավորի համար տարակուսելի է, որ հայկական կողմը լռում է ադրբեջանական կրակոցների ժամանակ, և միայն մեծ տրամաչափի կրակոցների ու էսլակացիայի փորձի ժամանակ է բարձրացնում միջազգային աղմուկ։

«Ինչ վերաբերում է հանքի շահագործման դադարեցմանը, ապա դա լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի վարդենիսցիների համար։ Մոտ 800 աշխատակցի մասին է խոսքը, որոնցից 500-ն արդեն աշխատանք չունի։ Սա սոցիալական մեծ պայթյուն է առաջացնելու, բայց դե Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում ապագա է խոստացել, և հիմա մարդիկ այդ ապագան են փնտրում, բայց չգիտեն՝ որտեղ է»,- նկատեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ՝ հասկանալի չէ, թե հանքի մասով Նիկոլ Փաշինյանն ինչ պայմանավորվածությունների է գնացել ադրբեջանցիների հետ։

«Բայց այն, որ Սոթքի հետ կապված խնդիրն առաջացել է 2020 թվականին, և առաջին հարցը հենց այս մասով ես տվել եմ Նիկոլ Փաշինյանին դեռ 2020-ին, փաստ է։ Այդ ժամանակ ես հարց հնչեցրի, թե ինչ է լինելու Սոթքի բնակիչների հետ, հանքի աշխատակիցների հետ, երբ հանքի 70%-ը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բայց այդ ժամանaկ էլ պատասխան չստացա»,- ամփոփեց խոսքը Թագուհի Թովմասյանը։

Նարե Գնունի