Տիգրան Ավինյանը շանտաժին կենթարկվի՞

Տիգրան Ավինյանը շանտաժին կենթարկվի՞

Վերջին օրերի քննարկման թեման Նոր Նորք վարչական շրջանի շենքում սկանդալային ծեծկռտուքն է, որին անձամբ ներգրավված է եղել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը:

Վերջինս, հիշեցնենք, տասնյակ քաղաքացիների ներկայությամբ, իր աշխատակիցների մասնակցությամբ ծեծի է ենթարկել ընդդիմադիր Արթուր Չախոյանին, ինչի հետևանքով վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով հայտնվեց հիվանդանոցում:

Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Ըստ մամուլի՝ թաղապետի նկատմամբ ևս, խուլիգանության մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։ 

Այս ամենի ֆոնին մարդ ծեծող թաղապետի քաղաքական ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը իր առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է պաշտպանել Տեր-Մարգարյանին և արդարացնել բռնությունը: Եթե Արամ Սարգսյանը աբսուրդային հայտարարություն արեց, թե այս ամենը ծրագրված է ՌԴ կողմից, ապա նրա կուսակից ընկերներն էլ, փաստացի, շանտաժի լեզուն են ընտրել: Այդպես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով նույնպես «Հանրապետություն» կուսակցության անդամ է, երեկ հայտարարեց,  որ եթե Երևանի քաղաքապետը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո որոշում կայացնի հեռացնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, իրենք՝ վարչական ղեկավարներով, միանշանակ բոլորով, վայր կդնեն իրենց լիազորությունները։

Այսպիսի հայտարարությունից և ուլտիմատումից հետո արդյո՞ք Տիգրան Ավինյանը պաշտոնից կհեռացնի Նոր Նորքի թաղապետին, հատկապես, որ մենք տեղյակ ենք, որ քննարկումներ եղել են, թե՞ տեղի չի տա նման տոնայնությամբ վերջնագրերին: MediaHub-ն այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան, թեև վստահ էինք, որ հստակ պատասխան չենք ստանալու:

Այդպես էլ եղավ. ստացանք ավանդական, լակոնիկ մի պատասխան. 

«Բոլոր որոշումների մասին անձամբ քաղաքապետը հարմար առիթով կհայտնի»,– նշեցին քաղաքապետարանից։

Մարիաննա Արամյան