Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա, որը պատկանում է Պաղեստին պետությանը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Գազան պատկանում է պաղեստինյան ժողովրդին և Պաղեստինի տարածքի անբաժանելի մասն է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հակամարտության սրումը և մի շարք արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։
«Չինաստանը կարծում է, որ ստեղծված պայմաններում կարևոր է նպաստել Գազայում համապարփակ հրադադարին և մեղմել հումանիտար աղետը»։
Խոսնակը նշել է, որ հակամարտության շուտափույթ ավարտին հասնելը և երկարատև խաղաղության հաստատումը «համապատասխանում է պաղեստինյան և իսրայելական ժողովուրդների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ժողովուրդների համատեղ ձգտումներին»։ «Սա նաև միջազգային հանրության համար ամենահրատապ խնդիրն է», - հավելել է ԱԳՆ մամուլի խոսնակը։