Ucom-ի կապը խափանվել է, բայց ընկերությունը թքած ունի իր բաժանորդների վրա

Ucom-ը Հայաստանում ամենաարագ շարժական և ֆիքսված կապի ծառայություններ մատուցող ընկերությունն է: Գոնե այսպես է գրված նրանց ֆեյսբուքյան էջում, բայց իրականությունը լրիվ այլ է:
MediaHub-ը առավոտվանից ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ տվյալ օպերատորի բջջային կապն այսօր շուրջ երկու ժամ հասանելի չի եղել, նույնը նաև ինտերնետի մասով: Այսինքն, քաղաքացիները զրկված են եղել օգտվելու հեռախոսակապից ու ինտերնետի հասանելիությունից ու սա այն դեպքում, որ շատերի աշխատանքային պարտականությունները այս երկուսի հետ են կապված:
Բայց մեզ դիմած քաղաքացիների զայրույթը հարուցել էր ոչ միայն դա, այլ այն, որ ընկերության հետ կապ հաստատել ուղղակի հնարավոր չի. բաժանորդների սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը ուղղակի չի գործում: Այսինքն, քաղաքացին, որը կապի համար պարտաճանաչ վճարում է ամեն ամիս, որևէ կերպ չի կարողացել կապվել օպերատորի հետ, որը կբացատրեր, թե ինչ խնդիր է և երբ կապը կկարգավորվի:
«Սա անպատասխանատվության դրսևորում է, որը հանդուրժելի չէ: Նույնը նաև ֆեյսբուքյան էջը՝ գրում-գրում ես, պատասխան չկա: Այսինքն եթե ես գումարը երկու օր ուշացնեմ, իմ տեղը անմիջապես գտնում են, կապն անջատում են, բայց երբ իրենք են ինձ զրկում ծառայություններից, ապա ես չեմ կարողանում կապ հաստատել ու տարրական հարց ուղղել՝ ի՞նչ է եղել, որովհետև ուղղակի հեռախոսը մի կողմ են դրել ու նստել»,- նեղսրտեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը:
Եվ իսկապես՝ մենք ստուգեցինք ընկերության ֆեյսբուքյան էջը և որևէ գրառում այն մասին, որ կապը խափանվել է, ասենք, տեխնիկական պատճառներով, ինչի համար ներողություն են հայցում, չգտանք: