«Հումանիտար օգնություն», որն ավելի է սեղմում օղակը 

«Հումանիտար օգնություն», որն ավելի է սեղմում օղակը 

Բաքվից երեկ առավոտյան հայտարարել են, թե Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջնորդությամբ երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Ավելի ուշ պարզվեց, որ Բաքվի «հումանիտար» նախաձեռնությունը համաձայնեցված չէ պաշտոնական Ստեփանակերտի հետ ու պատահական չէ, որ Ասկերանի շրջանի բնակիչները այժմ դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց են անցկացնում, վրաններ են տեղադրել՝ թույլ չտալով ադրբեջանական բեռների տեղաշարժը դեպի Արցախ:

Վիճակն իսկապես փակուղային է: Մի կողմից, Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը ու Արցախում սով է, մյուս կողմից՝ Բաքուն կեղծ մարդասիրություն է խաղում, ինչի նպատակը միջազգային հանրության շրջանում իմիտացիա ստեղծելն ու Արցախում քաոս առաջացնելն է:
Այսօր Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը Երևանից կուղեկցի հումանիտար բեռները դեպի Լաչինի միջանցք:

Դժբախտաբար, այս հումանիտար օգնությունն էլ, ըստ ամենայնի, կանգ կառնի Կոռնիձորում՝ չհատելով Հակարիի անցակետը:

Համենայն դեպս, նման տպավորություն կարելի է ստանալ Մակրոն- Ալիև երեկվա հեռախոսազրույցից:

Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո կարող է օգտագործվել նաև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։
Այսպիսով՝ Արցախի շուրջ իրավիճակը դառնում է փակուղային ու պայթունավտանգ:

Վահրամ Բագրատյան