Ես քվեարկել եմ հանուն Երևանի շարունակական զարգացման, քվեարկել եմ հանուն մեր և մեր երեխաների ապագայի և ավելի լավ քաղաքի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Վարչական ռեսուրսներ․ ես հետևել եմ երեկ պտտվող տեսանյութին, որևէ առիթ չկա մեզ մեղադրելու, որովհետև կարող եք վերջում տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության, մեզ հետ կապ չունի դա։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ մեքենայի առքուվաճառքով զբաղվող մեծ խումբ է եղել և մարդ է եղել, որ գրանցել է մի քանիսին»,-ասաց նա։
Խոսելով մեկ բնակարանում տարբեր մարդկանց գրանցելու մասին փաստերին, վերջինս նշեց, որ սա նոր բան չէ։
«Ես բազմաթիվ անգամ էս վարչական ռեսուրսների մասին անդրադարձել եմ, եթե ժողովրդավար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, ապա մարդկանց տարբեր մարզերից բերելը որևէ տրամաբանություն չունի»,-նշեց Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ անճշտություններ կարող էին լինել, բայց նաև ընտրություններից հետո կարելի է ստուգել, թե ովքեր են գնացել ընտրությունների և արդյոք այդ անճշտությունների հետ մեկտեղ հանգուցյալների անվան դիմաց ստորագրություն է դրվել։
Փոխքաղաքապետը նշեց, որ ՀՀ օրակարգից երբևէ դուրս չեն եկել անվտանգության և ինքնիշխանության հարցերը։
«Իրականության մասին խոսելը շատ կարևոր է»։