Ազգայինը Փաշինյանի կառավարությանը հանգիստ չի տալիս. հասան Սունդուկյանի անվան թատրոնին  

Ազգայինը Փաշինյանի կառավարությանը հանգիստ չի տալիս. հասան Սունդուկյանի անվան թատրոնին  

MediaHub-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մեզ ասացին, որ հանդիպմանը մասնակցել են այս իշխանություններին լոյալ գործիչներ, հիմնականում նրանք, ովքեր լուռ են, որևէ կերպ չեն քննադատում իշխանություններին ու «թթու խոսք» չեն ասում Փաշինյանի վարած քաղաքականության մասով: Բնականաբար, նրանք, ովքեր դեմ են Փաշինյանին, հանդիպմանը նույնիսկ չեն էլ հրավիրվել:

Հանդիպմանը մասնակցել են մի շարք թատրոնների տնօրեններ ու գեղարվեստական ղեկավարներ, այդ թվում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Մեզ ասացին, որ ի թիվս այլ քննարկումների, Սունդուկյանի թատրոնի տնօրենը մի առաջարկ է հնչեցրել՝ երևի թե Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում արվող առաջարկներից, հակահայ գաղափարներից հեռու չմնալու և նրա աչքը մտնելու նպատակով. Մկրտչյանը, մասնավորապես, առաջարկել է նախատեսվող փոփոխությունների ֆոնին՝ օրհներգ, զինանշան և այլն, ինչի մասին խոսում են Փաշինյանն ու նրա թիմակիցները, փոխել նաև թատրոնի անունը՝ հրաժարվելով Գաբրիել Սունդուկյանի անուն, ազգանունից:

Հիշեցնենք, որ Վարդան Մկրտչյանի անունը կապում են Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող սորոսական թևի հետ, որը բազմաթիվ ներկայացուցիչներ ունի գործադիրում և օրենսդիրում: Նրանք են հիմնականում ավանդական արժեքների դեմ հանդես: Ու քանի որ թատրոնի անունն իր մեջ «ազգային» է պարունակում, Մկրտչյանի առաջարկը լիովին տեղավորվում է Փաշինյանի քաղաքականության տրամաբանության մեջ, և վստահ ենք՝ նրա սրտով կարող է լինել: 

Ակնհայտ է, որ շեշտադրումը, եթե այս առաջարկն ընդունվի (չենք կասկածում), հենց նրա վրա է արվելու, թե Սունդուկյանը հին է, նոր Հայաստանին նոր հերոսներ են պետք, համահունչ ժամանակակից արվեստին, և կասկածից վեր է, որ այդ սոուսի տակ շատ արագ «ազգային»-ը թատրոնի անվանումից կվերանա, քանզի այս իշխանությունն ազգայինի ցանկացած դրսևորումից ֆոբիա ունի: Գուցե նաև դրսի հայտնի ուժերից պատվեր: 

Մեր աղբյուրը նշեց, որ քննարկումն այս հարցի շուրջ շատ չի ծավալվել, բայց իր տպավորությամբ՝ կարևորը ոչ թե քննարկումն էր, այլ առաջարկը հնչեցնելը, իսկ մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է և մոտ ապագայում վերջնարդյունքն ունենալը: