«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը»․ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը

«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը»․ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

Թրամփը չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը,  լատինատառ նշել է՝ «Meds Yeghern» (Մեծ Եղեռն)։

«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի և նրանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած՝  1,5 միլիոն հայեր աքսորվեցին և մահացան՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայկական մեծ համայնքին՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերի համար»,- նշել է Թրամփն իր ուղերձում։

Թրամփը նշել է նաև, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայերը մեծ ներդրում են ունեցել  Միացյալ Նահանգների կյանքում։

ԱՄՆ նախագահն իր ուղերձի վերջում նշել է, որ «սպասում է» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը։