7 ամիս է անցել․ անկախ ժամանակից, հարազատ եղբորը կորցնելու ցավն օրեցօր ավելի է շատանում

7 ամիս է անցել․ անկախ ժամանակից, հարազատ եղբորը կորցնելու ցավն օրեցօր ավելի է շատանում

Պատերազմի հետևանքով ստեղծված խուճապային տրամադրությունները շարունակվում էին Արցախում, դեռ անհետ կորածներ ու գերեվարվածներ, շրջափակման մեջ հայտնված զինվորականներ ու քաղաքացիներ կային, մի մասը պատրաստվում էր գաղթել, մյուսները վառելիք էին հայթայթում՝ իրենց ընտանիքները ժամ առաջ փրկելու համար։ 7 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, խուճապին ավելացավ նաև Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետը, որը 200-ից ավելի մարդու կյանք խլեց։

«Ես ևս գնացի Հայկազով, տեղի ունեցած պայթյունից մի քիչ ավելի շուտ։ Ես ու միջնեկ եղբայրս՝ Սերգեյը, անհրաժեշտ քանակի բենզին ենք վերցրել ու բարձրացել քաղաք, իսկ մեր հարազատ եղբայրը՝ Մհերը, ու մեր ընտանիքի բարեկամը՝ Նաիրին, մեզանից հետո ևս իջել են այնտեղ, փաստորեն հետո տեղի է ունեցել դեպքը»,- պատմում է Մհեր Մուսայելյանի եղբայրը՝ Մխիթարը։ 

Մհեր Մուսայելյանը 2011 թվականից ծառայում էր ԱԱԾ ուժերում։ Որպես հատուկ ջոկատային մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմներին։ Հատուկ մարտական առաջադրանք կատարելու համար մասնակցել է նաև ՀՀ Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցած գործողություններին։ Ծառայության ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք մեդալների ու պատվոգրերի։ 

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերին Ասկերանի վերին ենթաշրջանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում Ավետարանոցի մատույցներում վիրավորվել է։ Բուժումները շարունակելուց հետո վերադարձել է ծառայության, առանց դրա չէր պատկերացնում իր կյանքը»,- հիշում է Մխիթարը՝ նկարագրելով ընտանիքի ապրումները՝ Մհերի վիրավորում ստանալուց հետո։
 
38-ամյա փոխգնդապետը նաև իր մասնակցությունն է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերյան պատերազմին։ Երբ ադրբեջանցիները հասել են Ստեփանակերտի մատույցներ, ԱԱԾ հատուկջոկատայիններն անելիք ունեին քաղաքն ամեն կերպ պաշտպանելու, քանի որ թշնամին զինադադարից հետո էլ շարունակաբար կրակ էր բացում և վախի մթնոլորտ ստեղծում խաղաղ բնակչության համար։ Տեսակով համեստ ու քչախոս, հայրենիքն ու ազգն առանձնահատուկ նվիրվածությամբ սիրող երիտասարդի կյանքը ևս սեպտեմբերի 25-ին ընդհատվեց։ 

«Մենք նրան փնտրում էինք հրդեհի տարածքում։ Քաղաքացիներն ու անհետ կորածների հարազատները փրկարարների հետ միացել էին փրկարարական աշխատանքներին։ Զուգահեռ Մհերին ու Նաիրիին փնտրում էինք հիվանդանոցներում։ Այդ աշխատանքը շարունակել ենք դեպքից նաև հաջորդող օրերին։ Ի վերջո, մյուսների պես հուսահատ սեպտեմբերի 28-ին դուրս եկանք քաղաքից, քանի որ ժամ առ ժամ ավելի վտանգավոր էր դառնում»,- ասում է եղբայրը՝ նշելով, որ բոլորի պես իրենք ևս ինչ-որ տեղից սպասում էին հրաշքի, սակայն դեպքից 40 օր անց ԴՆԹ հետազոտության փորձանմուշներով նույնականացվել է և՛ Մհերի, և՛ եղբոր՝ զինծառայող Նաիրի Հովհաննիսյանի աճյունները։ 

Մհեր Մուսայելյանը չհասցրեց հայր դառնալ։ Ծառայության բերումով ամուսնությունը միշտ մղում էր հետին պլան։ Այսօր դեպքի 7-րդ ամիսն է։ Մեր զրուցակիցն ասում է, որ անկախ ժամանակից, հարազատ եղբորը կորցնելու ցավը օրեցօր ավելի է շատանում, իսկ կարոտը ոչնչով չի փարատվում։

Հունան Թադևոսյան