Պատերազմին ընդառաջ. ԱՄՆ-ն Փաշինյանին «սթափվելու» կոչ է անում

Պատերազմին ընդառաջ. ԱՄՆ-ն Փաշինյանին «սթափվելու» կոչ է անում

ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին զգույշ լինել Հայաստանում եւ չայցելել սահմանամերձ հինգ մարզեր:

ՔՊ-ականները ևս մեկ՝ լայնածավալ պատերազմ են բերում ՀՀ հպարտ քաղաքացիների տներ, իսկ ԱՄՆ-ն բացահայտ նշում է այն շրջանները, որտեղից ադրբեջանական զորքերը հարձակվելու են: ԱՄՆ դեսպանատունն այդ կերպ «ահազանգում» է, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջապես սթափվեն և պատրաստվեն պատերազմի, բանակը բերելով մարտական առաջին աստիճանի՝ կահավորեն սահմաններն ու թիկունքում իրականացնեն քաղպաշտպանության միջոցառումներ:

Նոր պատերազմն աղետալի է լինելու, քանի որ ՔՊ-ն դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ չի կարողանում երկիր կառավարել պատերազմական, ռազմական, անգամ խաղաղ ժամանակաշրջանում: Միակ հույսը հայոց բանակն է, սակայն բանակը պետք է զգա թիկունքի աջակցությունը:

Փաշինյանն ու թիմը կրկին խոսում են խաղաղությունից, սակայն Ալիևը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ցանկանում է բացել ռազմական ճանապարհով: ԱՄՆ դեսպանատան հրապարակած հայտարարությունը վերլուծելով կարելի է գալ այն եզրահանգման, որ Ադրբեջանը ցանկանում է գրավել Տավուշի մարզի այսպես կոչված «անկլավները» և հսկողություն սահմանելով հայ-վրացական ճանապարհի վրա, մասնավորապես Քյարքիի՝ Տիգրանաշենի, հսկողություն սահմանելով Սյունիք գնացող մայրուղու նկատմամբ կտրել ողջ Սյունիքն ու Վայոց Ձորը Հայաստանից ու դուրս գալ Սևանա լիճ: Սակայն ամենագլխավոր նպատակը՝Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծումն է՝ Հայաստանը մասնատելու տեսքով:

Թե ինչպես են ՔՊ-ականները կառավարում երկիրը տեսել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Կա՛մ Փաշինյանը հրաժարական է տալիս և նոր կառավարությունն օպերատիվ կերպով դիմագրավում է ադրբեջանական հարձակմանը, կա՛մ ՔՊ-ն հայտարարելու է, որ հանուն Սյունիքում գտնվող հազարավոր հայ զինվորների կյանքը փրկելու նրանք պատրաստ են միջանցք տրամադրել Բաքվին:

 

Վահրամ Բագրատյան