Երկրում պատերազմ է, համայնքներից շատերում՝ ՏԻՄ ընտրություն

Երկրում պատերազմ է, համայնքներից շատերում՝ ՏԻՄ ընտրություն

Վաղը՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ 7 մարզերի 18 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Հատկանշական է, որ ընտրությունները չեն հետաձգվել անգամ այն մարզերում ու համայնքներում, որոնք այս օրերին թշնամու թիրախում են։ 

Այսպես, վաղը ընտրություններ են անցկացվելու Սյունիքի երկու համայնքներում՝ Քաջարանում և Սիսիանում։ Սեպտեմբերի 13-ին թշնամու հերթական սադրանքից հետո, հասկանալի պատճառներով, այս համայնքներից բնակիչների մի ստվար զանգված տարհանվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Եվ, պարզ է, որ այդ մարդիկ վաղը հնարավորություն չեն ունենալու ընտրել իրենց համայնքի ղեկավարին։ 

Նույնը կարելի է ասել նաև Վայոց ձորի մասին, որն այս պահին էլ է ուղիղ թշնամու թիրախում։ Այնտեղ Արեգնի և Եղեգիս համայնքներն են ղեկավար ընտրելու։ Արդյո՞ք այս փուլում նպատակահարմար է ընտրություն կազմակերպելն ու անցկացնելը, հարցին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ 

Նա նշել էր, որ որքան էլ անպատեհ թվա՝ պետք է գնալ ընտրության: 

«Մենք կընտրենք ոչ թե պարզապես համայնքի ղեկավար և ավագանի` այլ կորոշենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Ինչպե՞ս, ի՞նչ թիմով, ի՞նչ գաղափարախոսությամբ»,- նշել էր նա։ 

Խոսվում է գաղափարախոսությունից և փոփոխություններից, մինչդեռ ըստ քաղաքագետների, ցանկացած ընտրություն և փոփոխություն բերում է որոշակի տուրբուլենտ հոսանքներ։ Այսինքն՝ ներքին անկայուն վիճակը, շատ հավանական է, որ կարող է էլ ավելի սրվել՝ պայմանավորված ընտրության արդյունքներով։ Այս ամենը հաշվի առնվե՞լ է․ որևէ մեկնաբանություն, պարզաբանում և հստակեցում չի եղել։

 

Նարե Գնունի