Նիկոլ անունով երևույթն իրավունք չունի Եռաբլուր մտնելու․ զոհվածի հայր

2022 թվականի սեպտեմբերի 21-ին ես ու իմ նման շատ ծնողներ գնացել էինք մեր երեխաների տուն՝ Եռաբլուր ու մեզ այնտեղից բիրտ ձևով, առանց որևէ զգուշացման բերման ենթարկեցին, բայց ինչի՞ համար, ի՞նչ ենք արել կամ ի՞նչ օրենք ենք խախտել մինչև այսօր էլ չգիտեմ։

Այս մասին ասաց զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։

Այսօր դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ զոհվածների ծնողների։

«Այդ օրով Եռաբլուր էր ուզում գար այն մարդը, ով մեղավոր է այդքան զոհերի համար։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, մեղավորը իրավունք չունի մտնելու Եռաբլուր։ Առաջնահերթ խոսքը Նիկոլ անունով երևույթի մասին է»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

Բագրատ Ուզունյանի խոսքով՝ ոստիկանության օրինական պահանջ չի եղել, ոչ ոք իրենց չի ասել կամ զգուշացրել, որ տարածքն ազատեն, ոստիկանների և զոհված զինծառայողների ծնողների միջև երկխոսություն չի եղել, միանգամից շրջափակել են և բերման ենթարկել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։

Մանրամասները տեսանյութում։