Փաշինյանի օրոք հայկական տնտեսությունը նմանվել է «Տիտանիկի»

Փաշինյանի օրոք հայկական տնտեսությունը նմանվել է «Տիտանիկի»

ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։ Երկրի պարտքի 25,4%-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը:

ՔՊ-ականները չունեն տնտեսական քաղաքականություն. դա նրանք հասցրել են ապացուցել 2018թ.-ից սկսած, երբ Փաշինյանի խոստացված միլիարդավոր ներդրումները Հայաստան այդպես էլ չեկան, իսկ «թալանված փողերը» բյուջե չվերադարձվեցին: Նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, իսկ ՔՊ-ի օրոք ՀՀ-ից արտագաղթի թվերը նոր ռեկորդներ են սահմանում՝ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալով:

ՔՊ-ն վայելում է իշխանությունը՝ պարգևավճարներ է ստանում, գնում է տներ, շքեղ մեքենաներ ու առանձնատներ, և Արցախի հայաթափմանը շատ հանգիստ է վերաբերվում:

Պապոյանը փորձում է ինչ-որ թվեր ներկայացնել, թե իբր արտաքին պարտքը նվազում է, սակայն երբ արտաքին պարտքը 11 միլիարդ դոլար է, խոսել կոպեկներից առնվազն անլուրջ է: Հայկական տնտեսությունը Փաշինյանի օրոք նման է «Տիտանիկ» նավի, իսկ Պապոյանը խոսում է «Տիտանիկ» նավի «ռեստորանի մենյույից»: Տնտեսությունը կործանվում է, իսկ ՔՊ-ն աննշան թվերից է խոսում:

ՔՊ-ն ավելացրել է ՀՀ արտաքին պարտքը՝ ՀՀ-ն մոտ ապագայում կարող է ճանաչվել սնանկ պետություն: Անհրաժեշտ են միլիարդավոր դոլարներ բանակը վերազինելու, սահմանները կահավորելու համար, իսկ ՔՊ-ի տնտեսական ռազմավարությունը փողոցային առևտուրը կարգավորելու մակարդակից այն կողմ չի անցնում:

Ադրբեջանն ունի նավթագազային ռեսուրսներ՝ Բաքուն շարունակում է գնել արդի զենքեր, պատրաստվել նոր պատերազմի, կառուցում է նոր լոգիստիկա՝ Արցախի օկուպացված տարածքներում, իսկ ՔՊ-ն «չեզոք դիտորդի» կարգավիճակում հետևում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացմանը տարածաշրջանում:

Վահրամ Բագրատյան