Մայրն ասում էր՝ թիկունքիցդ զգույշ եղիր, հետո իմացանք, որ հենց թիկունքից է վիրավորվել․ Մխիթար Ասրյանն անմահացավ Շուշիի մատույցներում

Մայրն ասում էր՝ թիկունքիցդ զգույշ եղիր, հետո իմացանք, որ հենց թիկունքից է վիրավորվել․ Մխիթար Ասրյանն անմահացավ Շուշիի մատույցներում

Հադրութից մինչև Շուշի՝ ամենածանր մարտերով․ այս ուղին է անցել հատուկջոկատային Մխիթար Ասրյանը։

Ծնունդով արցախցի հայորդին մինչև կյանքի վերջ պայքարել է, որպեսզի թշնամու ոտքը հայրենի հող չմտնի։

«Առաջին իսկ օրվանից եղել է ռազմաճակատում, ամենաթեժ կետերում կռիվ է մղել թշնամու դեմ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մխիթարի զարմուհին՝ Լուիզա Գևորգյանը։

Արցախցի հերոսը մասնակցել է Թութակի, Սղնախի և Կարմիր Շուկայի և Քարին Տակի մարտերին։

«Մի քանի անգամ մնացել է շրջափակման մեջ, օգնություն է ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, փրկել է հարյուրավոր զինվորների կյանքեր»,- պատմեց հերոսի զարմուհին։

Թեժ մարտերի մեջ գտնվելով էլ փորձել է կապ պահել ընտանիքի անդամների հետ, նրանց թև տալ, վստահեցնել, որ ամեն բան լավ է լինելու։

«Օրը մի քանի անգամ զանգում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, այդպես մինչև նոյեմբերի 4-ը շարունակ»,- նշեց Լուիզան։

Քանի որ հատուկջոկատային էր, երբեմն հնարավորություն էր ունենում մի պահ տուն գնալ, ծառայակից ընկերների համար սնունդ ու անհրաժեշտ իրեր տանել սահման։

«Ինքը գիտակցում էր, որ այս պատերազմը լավ ավարտ չի ունենալու, բայց փորձում էր հանգստացնել  ընտանիքի անդամներին։ Ամենաշատն անհանգստանում էր եղբոր համար, որը ևս ճակատում էր»,- նշեց նա։

Մխիթարի՝ հանուն հողի կռիվը ձգվեց մինչև նոյեմբերի վեցը․ հրադադարից երեք օր առաջ նա վիրավորվեց։

«Նոյեմբերի չորսին ինքն իր ջոկատով պետք է մեկներ Շուշի, որպեսզի ծառայակից ընկերներին շրջափակումից դուրս բերեր։ Այդ ժամանակ գիտեր, որ էլ հետդարձ ու փրկություն չկա։ Այդ ամենը գիտակցելով զանգում ու խնդրում է, որ ընտանիքը լքի Արցախը։ Ասում էր՝ եթե իմ մասին մտածում եք, գնացեք, որ ես իմ մարտական գործողությունները կատարեմ»,- պատմեց զարմուհին։

Մայրը, լսելով որդուն, լքում է Արցախը, այդ ընթացքում էլ որդին զանգում է, հետաքրքրվում, թե ճանապարհն ինչ վիճակում է։ Իսկ ահա հայրը որևէ կերպ չի համաձայնում լքել Ստեփանակերտը, նա պնդում է, որ մնալու է այնտեղ, որտեղ իր որդին է։

«Այդ օրերին մայրն անգանգիստ էր, շա՜տ։ Որդուն խնդրում էր, որ մեջքը պինդ պահի, թիկունքից եկող հարվածից զգուշանա։ Նոյեմբերի վեցին մորեղբայրս մեջքից վիրավորվում է։ Կապ ենք հաստանում բոլոր կառույցների հետ, բայց ոչ ոք չի կարողանում օգնել իրեն, կարծես կազմակերպված դավադրություն լիներ։ Իր կողքին երկու զինակից ընկերներ զոհվում են։ Իսկ ինքը, մինչև հեռախոսն անջատելն իր գտնվելու վայրի մասին տեղեկություն է տալիս, որ գնան ու փրկեն իրեն»,- պատմում է զարմուհին։

Լուիզայի խոսքով՝ Մխիթարին փրկելու համար դեպի Շուշի է ճանապարհվում հայրը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս առաջ գնալ, քանի որ այդ դեպքում հայրը ևս չէր փրկվի։

Կյանքի համար Մխիթարը պայքարել է երեք օր, իսկ նոյեմբերի իննին Շուշիի մատույցներում անմահացել է։ 

«Միշտ ասում էր, որ Արցախում ծնվել է, Արցախում էլ ապրելու և մահանալու է»,- նկատեց զարմուհին։

Նարե Գնունի