Ինչու քաղաքապետարանը փողոցներից հավաքեց նստարաններն ու աղբամանները

Առավոտվանից մայրաքաղաք Երևանում զանգվածային անհնազանդության ակցիաներ, դասադուլներ և գործադուլներ են մեկնարկել։
Ժամեր շարունակ Երևանի այս կամ այն փողոցը փակվում էր, երթևեկությունը կաթվածահար լինում: Քաղաքացիները փողոցները հաճախ փակում են նաև աղբամաններով և նստարաններով։ Սակայն համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որ նստարաններն ու աղբամանները հավաքվում են և բեռնատարներով հեռացվում տարածքներից:
Հասկանալի է, որ իշխանությունը սա անում է, որպեսզի դժվարացնի ցուցարարների՝ փողոցները փակելու գործընթացը, նրանց զրկելով դրա համար ամենահարմար գործիքակազմից:
MediaHub-ի հետ զրույցում, մեր հարցադրմանն ի պատասխան, թե ինչու հենց այս օրով նստարաններն ու աղբանամանները հավաքվում են փողոցներից, Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանեց․
«Կոտրվել է մոտ 100 նստարան և նրանց հետ հանվել են նաև այն նստարանները, որոնք արդեն կոտրվելու շեմին էին։ Համայնքային գույքը չվնասելու պատճառով հանվել են նաև դրանք։ Աղբամանները նույնպես այդ բախտին են արժանացել, մոտ 100 հատ»:
Նշենք, որ այս պահին էլ Երևանում ակցիաները շարունակվում են, փոքր-ինչ դրանց ինտենսիվությունը նվազել է, բայց ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք:
Մարիա Զարգարյան