«Ապօրինությունն ակնհայտ է»․ Սեյրան Մեջլումյանի գործով վճռաբեկ բողոք է նախապատրաստվում

«Ապօրինությունն ակնհայտ է»․ Սեյրան Մեջլումյանի գործով վճռաբեկ բողոք է նախապատրաստվում

Օրեր առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկու ամսով կալանավորումը:

MediaHub-ի հետ զրույցում Մեջլումյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը նշեց, որ հիմա վճռաբեկ բողոք են նախապատրաստում։ 

«Վաղն առավոտյան բողոքը կներկայացնենք։ Հիմա բարդ է խոսել սպասելիքներից, բայց, բնականաբար, անկախ դառը իրականությունից՝ արդար որոշման հույս ունենք, որովհետև սա առանձնահատուկ գործ է, ապօրինությունն ակնհայտ է։ Դատարանի վարքագիծը առհասարակ անհասկանալի է»,-ասաց նա։

Հարցին, թե այս ընթացքում առերեսումներ, հարցաքննումներ եղե՞լ են, վերջինս պատասխանեց․ «Այս ընթացքում որևէ գործողություն մեզ հետ չի կատարվել»։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Սեյրան Մեջլումյանը։

Սարգսյանի հրաժարականից օրեր անց Մեջլումյանը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։
Մեջլումյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ 

Լիաննա Թորոսյան