Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ւմ պետք է դիմեն վարորդները, որոնց մեքենաները վնասվել են անձրևի հետևանքով

Blog Image

Ուրբաթ օրն առատ տեղացած անձրևը հերթական անգամ պատուհաս է դարձել վարորդների գլխին։ Շատ-շատերի մեքենաները անձրևից հետո քաղաքում առաջացած քաոտիկ իրավիճակում լուրջ վնասներ են կրել. շատ դեպքերում մեքենաների սրահներն են ջրով լցվել ու վնասվել, որոշների պետհամարանիշներն են ջրի առատ հոսքի պատճառով պոկվել ու կորել, և կան վարորդներ, որոնց մեքենաների անիվներն ուղղակի ընկել են բաց դիտահորերի մեջ։ Ի դեպ, սոցիալական տարբեր հարթակներում քաղաքացիները բողոքում էին, որ այդ դիտահորերը բաց էին, քանի որ դրանց վրա դրված երկաթյա «կրիշկաներն» պատշաճ ամրացված չեն եղել. առաջին հայացքից թվացել է, որ բոլոր կողմերից ասֆալտ կա արված, բայց անձրևի հետևանքով այդ ասֆալտի կտորները պոկվել են, ու դիտահորը բացվել է։

Ի՞նչ պետք է անեն այս վարորդները, որոնք գույքային վնաս են կրել մի կողմից եղանակի, մյուս կողմից՝ քաղաքի՝ անձրևատարերի առումով վատ կահավորված լինելու պատճառով։ Այս և այլ հարցերի պատասխանները MediaHub-ը փորձեց ստանալ Երևանի քաղաքապետարանից։

«Անձրևի առատ հոսքի պատճառով են դիտահորերը բացվել, այսինքն՝ այդտեղ ասֆալտի լավ կամ վատ արված լինելու խնդիր չկա, ուղղակի հոսքը շատ ուժեղ է եղել, ու ջրահեռացման համակարգն ուղղակի չի կարողացել ամբողջ ջուրը քաշել, ճնշում է առաջացել ու դիտահորերի այդ «կրիշկաները» պոկվել են»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Իսկ ի՞նչ անի քաղաքացին, ում մեքենան վնասվել է անձրևի պատճառով. Երևանի քաղաքապետարանից ասացին, որ այս խնդիրն իրենց տիրույթում չէ. «Վեոլիա ջրի» պատասխանատվության տակ է մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն ամբողջությամբ։

«Քաղաքացին պետք է դիմում ներկայացնի «Վեոլիա ջուր», ներկայացնի, թե որ հասցեում է իր մեքենան վնասվել, պետք է դիմումին կից ներկայացնի նաև տեսանյութ, նկար, եթե դրանք առկա են, ինչպես նաև վնասի փոխհատուցման մոտավոր չափ»,- նշեց Կոստանյանը։

MediaHub-ը «Վեոլիա ջրից» էլ փորձեց մեկնաբանություն ստանալ, թե կա՞ն արդյոք վարորդներ, որոնք դիմել են փոխհատուցման համար, ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործընթացը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Նարե Գնունի

Send