Սուրճ խմողներին հանելու ենք, հասկանանք մեր հետագա անելիքը Արցախի վերաբերյալ․ Սեյրան Հայրապետյան

Սուրճ խմողներին հանելու ենք, հասկանանք մեր հետագա անելիքը Արցախի վերաբերյալ․ Սեյրան Հայրապետյան

Մենք ականատես եղանք Արցախի անփառունակ հանձնմանը։ Արցախի իշխանությունն էլ ոչ մի հայտատարություն չարեց այդ ամենից հետո, ոչ տեսակետ հայտնեց, ոչ քայլերի պլան ներկայացրեց․ այն, ինչ անում է Հայաստանի Կառավարությունը դրանից են օգտվում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։

«Ստեփանակերտի վիճակը բոլորիս ցավեցրեց, բայց եթե այս անգործ վիճակն է մնալու, ապա պետք է մոռանանք Ստեփանակերտը վերադարձնելու, հայկականությունը պահպանելու մասին։ Արցախում մի քանի ծեր, վատառողջ մարդիկ են մնացել։ Հիմա Ադրբեջանը Արցախին տալու՞ է համապատասխան կարգավիճակ, ըստ իրենց Սահմանադրության, որով էլ թույլատրվում է ինքնավար Հանրապետություն դառնալ, որը ներառում է ԼՂԻՄ տարածքները։ Մեր իշխանությունները պետք է բանակցեն, քայլեր անեն»,-ասաց նա։

Հայրապետյանն անդրադարձավ նաև Բաքվում պահվող արցախցի գործիչների հարցին և շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք ազատ արձակվեն։ 

«Արցախցիներին մեղադրում են ահաբեկչության մեջ ու փորձում են Արցախյան պայքարը տեռորիստական շարժում ներկայացնել։ Պետք է մարմին ձևավորվի, որը նաև այս հարցը կվերցնի իր տիրապետության տակ, իսկ Արցախի իշխանությունը ունակ չէ սա անելու։ Իրենց գործելաոճը տեսանք, պարտվեցին նաև մեկօրյա պատերազմը, չգնահատեցին ուժերի հարաբերակցությունը և ժողովրդին արյունահեղության տարան, տարհանման գործընթացն էլ նորմալ չկատարեցին։ Ադրբեջանցին ճանապարհը փակել էր, Ստեփանակերտի մուտքն էլ փակ էր․ Արցախը որպես միավոր չէր կարող գոյություն ունենալ»,- շեշտեց պատգամավորը։

Սեյրան Հայրապետյանի խոսքով՝ արցախցիները պետք է հավաքվեն և իրենց պահանջը ներկայացնեն իշխանություններին, որպեսզի հասկանան անելիքները։

«Նոր նախագահ են ընտրել ու Արցախը հանձնել։ Կեղծ թեզեր էին առաջ բերում՝ ոչ մի քայլ հետ, Աղդամի ճանապարհը չի բացվելու, բայց եկան ու հենց սա արեցին, այդ մանկամտության արդյունքում հասանք էս վիճակին։ Արցախի ներկայացուցչությունում հավաքվում են այն մարդիկ, որոնց ձեռքով կորցրինք Արցախը։ Արցախի ԱԺ-ն պետք է հավաքվի ու Սահամանադրական դատարանին ներկայացնի նախագահի հրամանագիրը, համաձայն որի ինքը լուծարել է Արցախի Հանրապետությունը, պետք է հասկանանք այս հրամանագիրը սահմանադրությանը համապատասխանում է, թե հակասահմանադրական է։ Դատարանի որոշմամբ էլ կհասկանանք՝ ինչ է պետք անել։ Վաղը Արցախից բռնի տեղահանված ժողովուրդը հավաքվելու է Արցախի ներկայացուցչությունում՝ սուրճ խմողներին հանելու, դուռը ժամանակավոր կնքելու  և ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով, մինչև դատարանը համապատասխան որոշում կայացնի Արցախի նախագահի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագրի վերաբերյալ, որից հետո ժողովուրդը կորոշի, թե ով է զբաղվում իր վերաբերյալ բանակցություններ վարելու, կամ ՀՀ֊ում կազմակերպված վերաբնակեցնելու հարցերով»։

Լիաննա Թորոսյան