Աշխարհի աչքի առաջ, գուցե՝ համաձայնությամբ, ոտնահարվեցին մեր իրավունքները․ արցախցի

Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիք Հայաստան է եկել մի ողբերգական պատմությամբ։ Սեպտեմբերի 19-ից հետո կյանքն իսկական դժոխք էր դարձել։ Արցախը լքելու ճանապարհը շատերն անվանում էին Գողգոթայի, և կամ Դերզորի ճանապարհ, որտեղ փրկությունը օրհնություն էր։
Սաֆարյանների ընտանիքը մեկն է այն հազարներից, ով մանկահասակ երեխայի՝ 2 տարեկան Սոնայի հետ, հաղթահարելով պատուհասած բազում դժվարությունները, հասել են Հայաստան։
24-ամյա Մարիաննան, ով արդեն 3-րդ պատերազմի ականատեսն է, անկեղծանում է, ամենավատ բանը որ երբևէ տեսել ու զգացել է օդային տագնապի ժամանակ, երեխային գրկել ու ապաստարան տեղափոխվելն է, այն դեպքում, երբ չգիտես տեղ կհասնե՞ս, թե ոչ։ Հարևան շենքի նկուղում երեխաների անդադար հոգի մաշող լացի ձայներն են, փխրուն՝ բայցև ուժեղ մայրիկների հանգստացնող փորձերը։
2016 թվականի ապրիլյան առճակատման ժամանակ Մարիաննայի աչքի առաջ է տեղի ունեցել Ներքին Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղինակի մահը՝ ադրբեջանական զինուժի հարվածից։ 2020-ին վիրավորում էր ստացել ամուսինը՝ Աշոտը։
Զինվորական ամուսինը դիրքերում էր, երբ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց հրետակոծել ամբողջ Արցախը։ Մեկ օր անց ելքը պարզ էր։
Ստիպված պիտի լքեին հարազատ բնակավայրը։ Փոքր մեքենայի մեջ հնարավոր չէր տեղավորել տարիների կուտակածը։ Գիտակցելով, որ կարևորը մարդկային կյանքի փրկությունն է, ամուսիններն ի վերջո Արցախից դուրս եկան սեպտեմբերի 25-ին։ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհը գերծանրաբեռնված էր, ժամերով մնացել են խցանման մեջ։ Շուշի քաղաքի մուտքի մոտ ադրբեջանցիները լապտերներով լուսավորում են մեքենաները, լույսը տարածում մարդկանց դեմքերի վրա ու երկար ծիծաղում։ Մարիաննան ասում է, որ դա իր կյանքի ամենածանր օրն էր․ ոչ դիմանալու էր, ոչ հանդուրժելու։ Անընդհատ աղոթում էր։ Մեկ այլ փորձություն սպասվում էր Հակարիի կամրջին, երբ տարածքում ծառայություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողներն արհամարհանքով բացում ու զննում էին հայկական մեքենաները, ժամերով սպասեցնել տալիս, անգամ չխնայելով մանկահասակ երեխաներին։
Բռնի տեղահանվածների հետևից անգամ գոռում էին, որ շուտով կհասնեն «Իրավան»։
«Աշխարհի աչքի առաջ, գուցե՝ համաձայնությամբ, ոտնահարվեցին մեր իրավունքները»- MediaHub-ի հետ զրույցում նշում է Երևանում ապաստանած Մարիաննան։
Հասնելով Կորնիձոր կամավորները նախ տաք թեյ են հյուրասիրել, դա աշխարհի ամենահամեղ թեյն էր, որ երբևէ ինքը խմել է։
«Արցախի պաշարման, ռազմական գործողությունների, բռնի տեղահանման, երկօրյա ճանապարհի, ըստ այդմ՝ վախից ու սթրեսից հետո հոգածության կարիք ունենք։ Այստեղ, ինչպես և բոլոր արցախցիներին դիմավորել են գրկաբաց, օգնում ու հոգ են տանում ցանկացած հարցում»։
Վերադարձի հավատով, տան բանալիները որպես թանկ հուշ խնամքով պահած ամուսինները Հայաստանում են, համոզված, որ ոտքի կկանգնեն։ Արցախում թողել են երջանիկ մի ընտանիքի կենսագրություն, ընդամենը, որ այստեղ վերածնվեն, վերընձյուղվեն։
Հունան Թադևոսյան