Բագրատ Սրբազանը կիսո՞ւմ է Էդգար Ղազարյանի քննադատությունը՝ ուղղված եկեղեցուն (լուսանկար)

Վերջին շաբաթներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածվել է քաղաքական թատերաբեմի։ Մայր Տաճարի վերաօծումն այս օրերին ավելի շատ քաղաքական ենթատեքստով է մեկնաբանվում, քան՝ հոգևոր։ Պատճառն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հատուկ հրավերով մասնակցելու են Մյուռոնօրհնեքին և Մայր Տաճարի բացմանը։ Սա, առաջին հայացքից նորմալ, ավելին՝ շատ բնական երևույթ է։ Երկրում հոգևոր կարևորագույն արարողություն է, և երկրի իշխող էլիտան պարզ է, որ պետք է ներկա գտնվեր։
Բայց, այստեղ մի բայց կա․․․, մեր երկրում 2018-ից սկսած սկսվել ու ակտիվորեն տարածվում է հակաեկեղեցական քարոզչությունը։ Եվ դա արվում է անգամ երկրի թիվ մեկ ամբիոնից՝ իշխանական պատգամավորների ձեռամբ։ Ու հենց այս ամենն է տարակուսանք առաջացրել հանրության շրջանում․ Վեհափառին քաշքշած իշխանության ներկայացուցիչները գալու և ողջունելու են նրան, օրհնություն ու շնորհակալական խոսքեր են լսելու։
Սա նորմա՞լ է։ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կարծիքով՝ ոչ, ընդհանրապես նորմալ չէ։ Նախօրեին նա ֆեյսբուքյան իր էջում մեկ ժամից ավելի հենց այդ մասին խոսեց՝ փաստարկված ցույց տալով, թե ինչեր է արել այս իշխանությունն ընդդեմ եկեղեցու։ Նա փոքր-ինչ մեղադրական տոնով անդրադարձավ եկեղեցուն՝ նշելով, որ այն ամենը, ինչ արվում է, ուղղակի լուռ համաձայնություն է Փաշինյանի բոլոր քայլերին։ Եթե անգամ լուռ համաձայնություն չէ, ապա այդպես է ընկալվում։
MediaHub-ը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Ղազարյանի՝ եկեղեցուն սուր քննադատության ենթարկած հրապարակումը հավանել է նաև Բագրատ Սրբազանը, որի հետ, մենք արդեն գրել ենք, եկեղեցին հակասություններ ունի։ Հակասությունն էլ այն պատճառով է, որ Բագրատ Սրբազանը քաղաքական նկրտումներ ունի, պայքարի է դուրս եկել և առաջադրվել է որպես ընդդիմության վարչապետի թեկնածու։ Թերևս դա է պատճառը, որ նա ու իր կողքին կանգնած մարդիկ խուսափում են հարցից, թե արդյո՞ք ինքը մասնակցելու է Մայր Տաճարի բացմանը։ Հիշեցնենք, որ որպես Տավուշի թեմի առաջնորդ նրա ծառայությունը կասեցված է, բայց ինքը շարունակում է մնալ արքեպիսկոպոս։
Եվ հիմա, կարո՞ղ ենք ենթադրել, որ Բագրատ Սրբազանը չի գնա Մայր Տաճարի բացմանը, քանի որ հավանության նշան է դրել եկեղեցու նկատմամբ հնչած քննադատություններին։
Նարե Գնունի