Փաստորեն, Աջափնյակի մետրոն դեռ 30 տարի առաջ չէին կարողանում կառուցել. բան չի փոխվել (լուսանկար)

«Հայաստանի Հանրապետություն» թերթի 1994 թվականի հոկտեմբերի 1-ի համարում այսպիսի վերնագրով մի լուր կա․ «Մետրոպոլիտենի շինարարությունը ձգձգվում է»։
Այդ հոդվածում խոսվում է հենց մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին, թե ինչպես է մետրոպոլիտենի շինարարության այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Գևորգ Պապիկյանը «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հայտնել, որ ֆինանսական միջոցների պակասի պատճառով ընդհատվել են Հրազդանի կիրճի «Մետրո» կամրջի կառուցման աշխատանքները։
«Կամուրջ, որը «Աջափնյակի» «Ա» կայարանը պետք է միացնի «Բարեկամություն» կայարանին։ «Զորավար Անդրանիկ» կայարանի ջրհավաք տեղակայանքին միացնող օժանդակ փորվածքի հորատման գործընթացի դադարեցումը նա նույնպես բացատրեց դրամի բացակայությամբ»,- ասված է «ՀՀ»-ի՝ ուղիղ 30 տարի առաջ գրած հոդվածով։
Կարդացինք այս հոդվածն ու հիշեցինք, որ Հայաստանում, փաստորեն, երեսուն տարի է՝ մետրոյի «Աջափնյակ» կայարան են կառուցում։ Արդեն ավարտին է մոտենում 2024 թվականը, և 1994 թվականից ի վեր՝ այս առումով բան չի փոխվել։ Ամեն տարի խոսում են «Աջափնյակ» կայարանի կառուցման կամ կանգնեցված շինարարությունն ավարտին հասցնելու մասին, բայց դեռ միայն խոսում են։ Այս իշխանությունները, որոնց մոտ շատ լավ է ստացվում ամեն ինչ արագացված տեմպերով հանձնելը, վեց տարի է՝ խոստանում են այս կայարանը վերջապես կառուցել-վերջացնել, վեց տարվա ընթացքում հասցրեցին «յոթ» քաղաքապետ փոխել, բայց մետրոյի մի կայարան այդպես էլ չկառուցեցին։ Դեռ նախագիծն են կազմում։ Մոսկվայում ամեն տարի մի քանի նոր կայարան են բացում, իսկ մեզ մոտ վեց տարվա ընթացքում անգամ մի նախագիծ չեն կարողանում կազմել, որ մի վեց տարի հետո էլ գոնե շինարարությունը սկսեն։
Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին հայտնեցին, որ վերջին թարմ տեղեկատվությունը մետրոյի «Աջափնյակ» կայարանի վերաբերյալ հետևյալն է․ «Քաղաքապետարանին ներկայացվել է նախագծանախահաշվային ամբողջ փաթեթը, մենք այն օրերս ենք ստացել, ունենք աշխատանքային խումբ, որը պետք է այդ փաթեթը վերջնական ուսումնասիրի, եթե ամեն ինչ նորմալ է, պետք է ուղարկենք, որ պարզ փորձաքննություն անցնի»։
Իսկ գոնե մոտավոր ժամկետ կա՞, թե երբ կմեկնարկի շինարարությունը, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը դժվարացավ մեզ հստակ ժամկետ ասել՝ նշելով, որ դա տևական պրոցես է, և սուտ կլինի, որ հստակ ժամկետ նշի։
Կարճ ասած՝ դեռ հույս չկա, որ առաջիկա երեսում տարում էլ այս կայարանը կկառուցվի։ Թեպետ՝ երեսուն տարի, որ սպասել ենք ու յոլա գնացել առանց «Աջափնյակ» կայարանի, մի երեսուն տարի էլ այսպես կդիմանանք։
Վահե Մակարյան