«Խաղաղության պայմանագրի» մեր ուղարկած առաջարկներին Ադրբեջանը դեռ չի պատասխանել

Առաջիկայում Քիշնեւում հնգակողմ հանդիպում է տեղի ունենալու, քննարկում կար՝ արդյո՞ք հնարավոր է, որ հունիսի 1-ին «Խաղաղության պայմանագիր» ստորագրվի, ես ասեմ, որ մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Արդեն չորորդ խմբագրումն է «Խաղաղության պայմանագրի»։ Այն մենք փոխանցել ենք ադրբեջանական կողմին եւ այս պահի դրությամբ դեռեւս դրանց մեկնաբանությունները չենք ստացել։ Հետեւաբար, այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,-ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով ներտարածաշրջանային իրադրությանը՝ Փաշինյանն ասաց, որ 2022թ-նն ընդգծվեց սեպտեմբերյան պատերազմով Հայաստանի նկատմամբ եւ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ 

«Ընդ որում, դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ գլոբալ տեղի ունեցող պրոցեսների, ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ: Մենք շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի եւ Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից։ Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ եւ խաղաղության ռազմավարություն, եւ անում ենք հնարավորը՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,-ասաց նա։ 

Խոսելով նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձեւաչափով բանակցություններից՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին, Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։

«Այս թեման մենք քննարկել ենք ՌԴ մեր գործընկերների հետ եւ այդ քննարկման արդյունքները չեմ կարող ասել, որ գոհացնում են։ Պիտի արձանագրեք, որ սա շատ ցավալի իրավիճակ է եւ ես նաեւ հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ եւ նրանց ներկայությամբ»,-ասաց Փաշինյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում